«Դե դու կարաս առնես». պոլիկլինիկաներում անվճար դեղերն ինչո՞ւ բոլոր երեխաներին չեն տրամադրում
Advertisement 1000 x 90

«Դե դու կարաս առնես». պոլիկլինիկաներում անվճար դեղերն ինչո՞ւ բոլոր երեխաներին չեն տրամադրում

2017 թվականի վերջին Ա. Ն.-ն պոլիկլինիկայում երեխայի համար անվճար D վիտամինի սրվակ է ստացել: Վերջերս վիտամինի պաշարը սպառվել է, սակայն երբ Ա. Ն.-ն պոլիկլինիկա է դիմել նոր սրվակ ստանալու, նրան հայտնել են, որ ինքն այլևս չի կարող այդ վիտամինն անվճար ստանալ:

Ա. Ն.-ն NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում, որտեղ գրանցված է նրա 8-ամսական երեխան, իրեն սկզբում ասել են, թե D վիտամինը հանվել է անվճար տրվող դեղերի ցուցակից: Երբ Ա. Ն.-ն ավելի ուշ պարզել է, որ ուրիշ ծնողներ շարունակել են այս վիտամինն անվճար ստանալ, պոլիկլինիկա է զանգահարել, նրան ասել են, թե իրենց սխալ է հասկացել՝ իրականում «Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռևս հավանություն չի տվել այս վիտամինը ստանալու պոլիկլինիկայի հայտին», չնայած պոլիկլինիկայում մի քանի այլ դեղամիջոցներ կան և տրամադրվում են նրանց, ում հասնում է:

«Բեռլին» պոլիկլինիկայից NEWS.am Medicine-ի թղթակցին ասացին, որ կլինիկայի կողմից դեղերի գնումը մեզ «չի վերաբերում», իսկ բողոքող այցելուի խնդիրն «արդեն պարզել են»: Ա. Ն.-ն պնդում է, որ պոլիկլինիկայի ներկայացուցիչների հետ այլևս չի խոսել, իսկ երեխայի համար d վիտամինը ստիպված էր, այնուամենայնիվ, գնել:

Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին, որ յուրաքանչյուր պոլիկլինիկա պետական բյուջեից ֆինանսավորում է ստանում, որի շրջանակում դեղամիջոցներ է գնում Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցուցակից: Պոլիկլինիկայի այցելուների թվաքանակն իմանալով՝ մասնագետները կազմում են անհրաժեշտ դեղամիջոցների ցուցակը և մրցույթ հայտարարում, որպեսզի դեղերը գնեն առավել ցածր գնով: ԱՆ մասնագետների խոսքով՝ դեղամիջոցների քանակության խնդիրներ տեսականորեն կարող են առաջանալ, եթե պոլիկլինիկան չկարողանա իրեն անհրաժեշտ դեղերը ցածր գնով գտնել:

Ա. Ն.-ն իր հետ պատահածի մասին գրել է «Ֆեյսբուքի» խմբերից մեկում: Հետաքրքիր է, որ որոշ ծնողներ նույնպես նշեցլ են համանման խնդրի բախվելու մասին. պոլիկլինիկայում նրանց ասել էին, որ այդ վիտամինը չունեն: Ծնողներից ոմանք էլ հայտնեցին, որ  այդ վիտամինը, ինչպես նաև շատ այլ դեղեր պոլիկլինիկայում իրենց անվճար են տվել և շարունակում են տալ: Երրորդները նշեցին, որ իրենց երբեք ոչ մի դեղ անվճար չեն տվել, ոմանք էլ ընդհանրապես տեղյակ չէին, որ մինչև 7 տարեկան երեխաներին որևէ անվճար ծառայություն և դեղ է հասնում:

med.news.am