Անհանգիստ ենք բոլորս, ինչպես Հայաստանի հզորացումն է մեր պարտքը, այնպես էլ մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունն է մերը, Cilicia TV-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ծավալվող իրադարձություններին՝ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։
«Անտարբեր չենք կարող մնալ մեր ժողովրդին հուզող խնդիրների և Երևանի փողոցներում ծավալված իրադարձությունների նկատմամբ»,- ասել է նա։
Նրա խոսքով` վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ընդվզման արտահայտում են, բայց ինչն էլ լինի դրա դրդապատճառը, ներելի չէ, որ հայի արյուն հոսի հայրենի սրբազան հողի վրա։ Արտոնելի և ներելի չէ, որ մեր ոստիկանների ու երիտասարդների միջև բախումներ լինեն։ Բոլորն էլ մեր սիրելի զավակներն են»,- նշել է նա։
Արամ Ա կաթողիկոսի խոսքով` խնդիրներն ու մտահոգությունները պետք է քննվեն և լուծումներ գտնվեն միասնաբար։
Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։
Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։
Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։
Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։