Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը հանդես է եկել Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող ցույցերի աջակցությամբ։
Ապրիլի 19-ին ԱՄՆ-ի ամենահայահոծ քաղաքում՝ Գլենդելում տեղի ունեցած ցույցին Սինանյանը ելույթ է ունեցել և հայտարարել, որ ինքը սկզբնապես թերահավատ էր, հույս չուներ, որ Հայաստանում հնարավոր է նման բան։
«Մեղանչում եմ, որ նման բան եմ ասել։ Վերջին հինգ-վեց օրվա ընթացքում ինձ սխալ [հակառակը] ապացուցեին այն երիտասարդները, մեր հարազատները, մեր բարեկամները, որոնք դուրս են եկել և հասարակ մի բան են ուզում իրենց կյանքում՝ ուզում են արժանապատիվ ձևով ապրել իրենց հայրենիքում։ Ուզում են կայանալ իրենց հայրենիքում։ Ուզում են արտահայտվել որպես մարդ իրենց հայրենիքում։ Ուզում են ընտանիք կազմել իրենց հայրենիքում։ Չեն ուզում հեռանալ։ Բայց արի ու տես, որ պայմանները, որոնք տիրում են Հայաստանում, ստիպել են հարյուր հազարավոր մարդկանց հեռանալ»,- ասել է Զարեհ Սինանյանը։