Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին
Advertisement 1000 x 90

Լապշինը ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման մասին. նա Արցախ կմեկնի հաջորդ այցին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ: Այս մասին բլոգերը հայտարարեց Երևանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ 7 ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, ինչպես են ծաղրել: Իսկ վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մայրիկիս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին անցկացրել ու կախել զուգարանում, որ հետո ներկայացնեն, թե իբր կախվել եմ: Կարծում եմ՝ հատուկ էին մայրիկիս ծննդյան օրը ընտրել»,- նշեց Լապշինը:

Բլոգերի խոսքով՝ երբ Ադրբեջանում էր, հասկանում էր, որ գտնվում է տոտալիտար երկրում, որը կառավարվում է կլանների կողմից, իսկ իրեն ցանկանում են օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար:

«Նրանք ցանկանում էին անկիրթ բնակչությանը ցույց տալ, թե Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպական միության կարծիքը»,- ասաց բլոգերը:

Ադրբեջանի թույլ տված անօրինությունների վերաբերյալ հայցն արդեն 1.5 ամիս է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Ֆրանսիացի փաստաբանները բլոգերին տեղեկացրել են, որ այն արդեն դատարանի կողմից վերցվել է քննության, իսկ գործընթացը կարող է 1-2 տարի տևել:

«Մենք մեղադրանք ենք ներկայացրել Բաքվի բանտում իմ հանդեպ սպանության փորձի, իմ իրավունքների, արտահանձնման իրավունքի խախտման, ինչպես նաև ազատությունից ինձ ապօրինաբար զրկելու հարցերով»,– հայտնեց Ալեքսանդր Լապշինը:

Նրա կարծիքով՝ ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային ռեսուրս են ծախսում ու ամենօրյա ռեժիմով իր հետ կատարվող ամեն ինչ մոնիտորինգի ենթարկում:

«Ես վստահ եմ, որ նրանք մոնիտորինգ են անելու այն ամենը, ինչ այստեղ կասեմ՝ ծախսելով  ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, ավելի քիչ զենք կգնեն»,- կես կատակ, կես լուրջ ասաց բլոգերը: Հարցին ի պատասխան, թե չի վախենում, որ ադրբեջանցիները կարող են իր հետ հաշվեհարդար տեսնել, Լապշինն ասաց՝ չի բացառում ռիսկը, որ որևէ երկրում կարող են հարձակվել իր վրա, դանակով հարվածել, այդ իսկ պատճառով փորձում է զգուշավոր լինել:

Բլոգերը նշեց, որ այս անգամ չի հասցնի այցելել Արցախ, քանի որ երեք օրից պիտի մեկնի Ստրասբուրգ, սակայն հաջորդ անգամ անպայման կլինի գեղատեսիլ Արցախում: «Ես հաջորդ անգամ կգնամ Արցախ, ու ցույց կտամ, որ նրանք մեզ վախեցնել չեն կարող»,- հավելեց Ալեքսանդր Լապշինը:

Լապշինը Հայաստանում է «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսներին մասնակցելու համար: Այստեղ նա կխոսի Հայաստան ու այլ երկրներ ճամփորդությունների մասին, թե ինչպես գնել էժան ավիատոմսեր, ինչպես լինել ազատ և վայելել ճամփորդությունը:

 



Նման նյութեր