Բողոքի շարժման առաջնորդը նշեց, որ նրա հագուստը հարմար է փողոցում, արևի տակ մշտապես գտնվելու համար։
Ընդդիմադիր պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի արտասահմանյան ԶԼՄ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսում պատմեց, թե երբ կոստյում կհագնի։
«Ես միշտ այսպես չեմ հագնվել, այսպես հարմար է։ Գործընթացը սկսվել է մարտի 31-ին, ես ոտքով Գյումրիից հասել եմ Երևան, մենք անցել ենք մոտ 215 կմ։ Բարդ է դա անել պիջակով և փողկապով»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` նա և իր կողմնակիցները դեռ գտնվում են փողոցներում, նրանք շատ ժամանակ են անցկացնում արևի տակ, ուստի պետք է համապատասխանաբար հագնվեն։
Նրա խոսքով` հագուստն ընտրելիս միակ սկզբունքն իրավիճակի համապատասխանությունն է։ Այն հարցին, թե կփոխի՞ արդյոք նա իր հագուստը, երբ վարչապետ դառնա, Փաշինյանը դրական պատասխան տվեց։
«Համապատասխան հագուստ կլինի։ Մինչև այս ես կոստյում եմ հագել և փողկապ եմ կապել»,- նշեց Փաշինյանը։