Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր. aysor.am
Advertisement 1000 x 90

Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր. aysor.am

«Ծառուկյան» դաշինքն ունի որոշում միանալ շարժմանը և շուտով դաշինքի պատգամավորները, համախոհները կլինեն Հանրապետության հրապարակում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Նրանք, ովքեր չեն կարող գալ Հանրապետության հրապարակ, կլինեն մարզային համայնքներում, որտեղ ժողովուրդը հավաքված է։ Մենք մեր բոլոր ռեսուրսներով աջակցում ենք շարժումը», – ասաց Պետրոսյանը։

Պատգամավորը հաստատեց, որ ապրիլի 24-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և չկարողացավ ասել, թե հստակ ինչ է քննարկվել։

«Քննարկման մանրամասների մասին չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ այդ հանդիպումը եղել է և եղել է այնպիսի մթնոլորտում, որ մենք բոլորս միակարծիք ենք՝ ժողովրդի ձայնը պետք է հասնի տրամաբանական ավարտին», -հավելեց Պետրոսյանը։

Դիտարկանը, թե Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ ժողովուրդն ընտրի վարչապետ, ինչպե՞ս է պատկերացնում այդ գործընթացը, Գևորգ Պետրոսյանը, որը նաև իրավաբան է, արձագանքեց. «Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է։ Այդպիսի իրավակարգավորում չկա մեր Հայաստանի օրեսնդրության մեջ։ Պարզապես ես կարող եմ կարծիք հայտնել, որ Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել, որ ժողովուրդը պետք է ընտրի իր վարչապետին, որ վարչապետ ընտրվի այն մարդը, ով համապատասխանում է ներկայացված պահանջներին»։

aysor.am



Նման նյութեր