Ապրիլի 20-ից 22-ը Ստամբուլում կայացել է կարատեի թվով 9-րդ WSF վարկածով աշխարհի առաջնությունը:
Ստուգատեսին մասնակցել են 45 պետության մարզիկներ, այդ թվում Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը: Մեր մարզիկը ունեցավ չորս մենամարտ: 1/8-րդում հաղթելով ռումինացի մրցակցին՝ դուրս է եկել քարորդ եզրափակիչ, որտեղ Ունանյանի հակառակորդն է եղել Ադրբեջանը ներկայացնող Արիվ Մամադովը. հայ մարզիկը վերջին 30 վայրկյանում հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Իրանցի Առաշ Պիռֆալակին հաղթելուց հետո Կամոն եզրափակչում արդեն պայքարել էբուլղարացի Իվայլո Պետկովի դեմ և վստահ հաղթանակ տանելով՝ դարձել WSF վարկածով կարատեի աշխարհի չեմպիոն:
Կամո Ունանյանը լուրջ կողոսկրային վնասվածքով իր հաղթական մասնակցությունն ունեցավ Ստամբուլում:
Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին Գերմանիայում կայացած WKF վարկածով միջազգային մրցաշարում նա առաջին հորիզոնականն էր գրավել՝ դարձյալ ստանալով լուրջ վնասվածք, բժիշկները բացառել էին նրա հետագա մասնակցությունը այլ մրցաշարերին, սակայն նա գնացել է ռիսկային քայլի՝ մեկնելով Ստամբուլի մրցաշարին: