Հանրահավաքներից ամենից շատ տուժել են հագուստի խանութները, ինչպես նաև Հանրապետության հրապարակից հեռու գտնվող հաստատությունները։ Ավելացել են կապի բջջային օպերատորների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցների աշխատանքի ծավալները։
Երևանի բողոքի ցույցերն անդրադարձել են հասարակության բոլոր շերտերի վրա, քանի որ նրանք նույն փողոցներով են քայլում։ «Սանիթեք» ընկերության աշխատակից Արտակ Մանուկյանին մտահոգում է այն, որ փողոցներն ավելի են աղտոտվել։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքում, հատկապես կենտրոնում, աշխատանքը կրկնակի ավելացել է։ Սակայն մենք չենք բողոքում, հոգով և սրտով մենք մեր ժողովրդի հետ ենք։ Մեր առաքելությունը` քաղաքը մաքրելն է»,- ասաց Մանուկյանը` դատարկելով հերթական աղբամանը։
Արտակն ու իր գործընկերները փոխել են իրենց աշխատանքային գրաֆիկը. ցույցերի օրերին փողոցները մաքրում են երեկոյան 21:00-ից հետո, քանի որ ցերեկը փակ փողոցների և քայլարշավի պատճառով ոչինչ անել հնարավոր չէ։
Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Ամիրյան փողոցի սրճարաններից (որտեղ ամեն երեկո հավաքվում են ցուցարարները) մեկի աշխատակիցները նույնպես ստիպված են եղել հարմարվելու նոր իրողություններին։
«Առաջին օրերին մենք աշխատանքից ուշանում էինք խցանումների պատճառով։ Այժմ հետևում ենք նորություններին` հասկանալու համար, թե երբ արթնանանք և ինչպես աշխատանքի հասնենք։ Մատակարարները ևս ուշացնում են ապրանքի մատակարարումը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Արմանը (անունը փոխված է)։
Սակայն այս ցույցերը միայն անհարմարավետություն չեն ստեղծում, հանրահավաքների օրերին (այսինքն գրեթե ամեն օր` ապրիլի 13-ից սկսած) սրճարանի առևտրաշրջանառության ծավալը նկատելիորեն աճել է։ Հիմնականում այցելուների հոսք է նկատվում ժամը 17։00-ից մինչև կեսգիշեր։ Ցանցի մյուս սրճարանում, որը Հանրապետության հրապարակից մի քանի հարյուր մետրի վրա է գտնվում, հակառակը` վաճառքներն անկում են ապրել։ Նման պատկեր է գրեթե բոլոր սրճարաններում և ռեստորաններում. որքան Հանրապետության հրապարակից հեռու, այնքան ավելի քիչ մարդ է մտնում և աշխատանքն է քիչ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am