Վառոդի տակառը ուղղակի պայթեց․ Արմեն Մովսիսյանը ԱՄՆ-ից գալիս է Հայաստան. 1in.am
Advertisement 1000 x 90

Վառոդի տակառը ուղղակի պայթեց․ Արմեն Մովսիսյանը ԱՄՆ-ից գալիս է Հայաստան. 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, ով երկու օրից Հայաստանում կլինի։

– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ տեղի ունեցած կտրուկ զարգացումները, Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ի՞նչ կհաջորդի այս ամենին։

– Այն, ինչ տեղի ունեցավ, ինքս դեռ լավ չեմ գիտակցում, բայց մի բան լավ էր, որ արյուն չթափվեց։ Ինձ համար խոհեմության նշույլ է, որ հայ ազգի ինքնապաշտպանության բնազդն ավելի բարձր է, քան մնացած բոլոր հարցերը, և նա, ով պարտվում էր, իրեն հավանաբար կողքից հուշեցին, որ արյուն թափել չի կարելի, և որ շատ վտանգավոր վիճակում է գտնվում։ Եվ, փառք Աստծո, խուսափեցինք ամենավտանգավոր պահից։ Ես հիմա ավելի լիահույս եմ, որ իշխանափոխության անցումը տեղի կունենա անցնցում, իշխանության անցումը ավելի  մարդակենտրոն հասարակության սկզբունքին կլինի առանց ցնցումների։ Իմ կարծիքով՝ այստեղ մտավորականությունը էլի մեծ խնդիր է ունենալու՝ միշտ աչալուրջ պահելու իշխանությանը, որ, այնուամենայնիվ, այդ արժեքների համար ենք այսօր ուրախանում։ Ես ամեն դեպքում միշտ կմնամ իշխանությանը օպոզիցիա, թեկուզ հենց նրա համար, որ երկիրը ավելի լավը սարքենք. լավը կանեն՝ կգովենք, վատը կանեն՝ պետք է անընդհատ իշխանությանը հիշեցնել, թե իրենք ինչի համար են եկել, որ բոլոր իշխանավորները ընդամենը ժողովրդի ծառաներն են։ Մինչև այդ հոգեբանությունը  մեզ մոտ չարմատանա, որ բոլորս՝ թե՛ մտավորական, թե՛ իշխանավոր, ծառա ենք… ծառան վատ բան չէ, ծառա սեփական ժողովրդին։ Դա մեծ նվեր է մարդուն,  մեծ առաքելություն ունի, որ կարող է ծառայել իր ժողովրդին։ Եվ հուսով եմ, որ ապագայում կունենանք այդ երազների հայրենիքը, որի համար այսօր մարդիկ դուրս էին եկել Հանրապետության հրապարակ և տոնում էին, ողջագուրվում, մեկ այլ ձևի ուրախություն էր։ Եվ սա նաև Սփյուռքում էր։

– Այսինքն՝ այս անգամ արթնացավ նաև Սփյուռքը։ Եվ ինչո՞վ էր դա պայմանավորված։

– Շատ ավելի շատ, քան ամեն պարագայում, և ավելի շատ, քան ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մարդիկ ոտքի կանգնեցին, քանի որ դարերով եկած հայի ինքնազգացողություն էր, որ մենք մեր երկիրը սկսել էինք կորցնել, և այս ամենը պետք էր կանգնեցնել։ Իսկ կանգնեցնելու միակ ձևը վիշապի գլուխը կտրելն էր։ Դե, իհարկե, Սերժ Սարգսյանը միակ դեմքը չէ, և այստեղ պետք է հաշվի առնել, որ անցնցում իշխանության փոխանցումը նպատակ ունի դա անել, իսկապես մեզ ցնցում պետք  չէ, ո՛չ կուլակաթափություն, ո՛չ էլ անհասկանալի խանդավառություն,  թե ինչ պատահեց։ Ի տարբերություն 88-ի՝ ինձ թվում է, շատ ավելի հասուն, շատ ավելի պատրաստված սերունդ կգա, որը հիվանդ չէ սովետական բարքերով, ավելի ազնիվ, բարոյապես ավելի պինդ. ես, համենայնդեպս, սպասում եմ դրան։ Իմ ուրախությունը դրա համար է։

Ինձ թվում է, որ վառոդի տակառը ուղղակի պայթեց։ Նիկոլի՝ քմծիծաղով ընդունվող քայլարշավը, որը սկսվեց առաջին օրերին, շատերի կողմից քմծիծաղի էր արժանանում, թվում էր՝ դե լավ է, մարդ է, քայլում է։

– Դուք է՞լ էիք թերահավատ։

– Ոչ թե թերահավատ էի… ես ուզում էի, որ դա տեղի ունենա, բայց այդ ժամանակ դա հեռու էր թվում։ Եվ ոչ մեկը չի կարող ասել, որ այդ ժամանակ հարյուր տոկոսով համոզված էր արդյունքներում: Նույնիսկ նրանք, ովքեր քննադատում էին Նիկոլին, այսօր արդեն առնետներ կլինեն, որ մի նավից մյուսը կվազեն, դիֆերամբներ գրողներ կլինեն. սա նորմալ է, և սա միշտ եղել է։ Ամեն դեպքում, տղերքին քաջալերողներից մեկն էլ ես եմ եղել, ես ուզում էի, որ երկրում մի բան փոխվի։ Լավագույն դեպքում այդ օրերին մի հարյուր հոգի հետևում էր, բայց փառք Աստծո, որ այսպիսի հանգրվանի հասավ։ Բայց շեշտում եմ՝ սա ընդամենը նախաբանն է մեծ և երկար ճանապարհի։ Ես պայմանականորեն կասեմ հաղթեցինք, ընդամենը առաջին քայլն արեցինք, և իսկապես լուրջ և ծանր, երկար աշխատանք է սպասվում, որտեղ կլինեն և՛ սայթաքումներ, և՛ հաջողություններ։ Բայց ինձ համար  հաջող հանգրվանն այն է, որ պետք է ունենանք մարդակենտրոն երկիր, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի կարևորված անձ, մասնակից իր երկրի երկրաշինությանը. սա ինձ հուսադրում է, որ լուսավոր ճանապարհ է սպասվում։

– Իսկ ե՞րբ եք գալիս Հայաստան։

– Երկու օրից ճանապարհ եմ ընկնում։

1in.am



Նման նյութեր