Ամերիկայում ամենահայտնի հայերից մեկը՝ հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, այս օրերին ակտիվորեն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և աջակցում ցուցարարներին: «Կարիբյան ծովի ծովահանները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ․թ․ա», «Խոստումը» և մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասանը թե ֆեյսբուքյան գրառումների միջոցով, թե Ամերկայում կազմակերպված ցույցերին մասնակցելով, փորձում է լինել, ինչպես ինքն է ասում՝ իր հայ քույրերի ու եղբայրների կողքին:
NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է մեր հայտնի հայրենակցի հետ՝ պարզելու, թե ինչպես է տեղեկացել հայաստանյան դեպքերի մասին և որոշել միանալ ժողովրդին:
«Երբ շարժումը սկսվեց, շատ էի ցանկանում պարզել, թե ինչ է կատարվում: Հետո մի երիտասարդ Երևանից կապվեց ինձ հետ և Facebook-ի տեսաչատով սկսեցինք զրուցել: Երբ սկսեցինք զրույցը, երիտասարդը սկսեց լաց լինել: Հարցրեցի՝ ինչո՞ւ ես լացում, եղբայրս: Նա պատասխանաեց. «Պարոն Մարկո, Դուք չեք պատկերացնում, թե սա ինչ նշանակություն ունի ինձ համար: Ձեր և սփյուռքի մյուս հայտնի հայերի աջակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի: Ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ… Ես կապվեցի իմ մի քանի հայ ընկերների հետ, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանամ: Ոմանք ինձ խորհուրդ տվեցին չխառնվել իրավիճակին, բայց ինձ համար սա ճշտի ու սխալի պայքար էր: Այսպիսով, որոշեցի 100 տոկոսով աջակցել Հայաստանում ապրող իմ քույրերին ու եղբայրներին:
Ես նաև նշեցի, որ ցանկանում եմ վերադարձնել մեդալս (դերասանն անցած տարի պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» շքանշանով): Այս շարժումն ինձ համար մեծ նշանակություն ունի: Հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում են երթին: Այսպիսի բան դեռ վաղուց պետք է արվեր: Այնքան շնորհակալ եմ, որ ամեն ինչ խաղաղ կերպ ընթացավ: Ոստիկանության ծեծերի դեմ էլ ցուցարարները մնացին խաղաղ և ուժեղ, իսկ ցույցին մասնակցողների թիվն օրեցօր աճում է: Մենք ազատվեցինք գլխից, բայց մարմինը դեռ մնում է: Եթե նրանք հայի մտածողություն ու սիրտ ունենային, չէին թալանի մեր երկիրը: Իսկական հայը առաջնահերթ մտածում է իր ժողովրդի մասին, ինչպես իր ընտանիքի…»:
Մարկոն նաև հավելեց.
«Եսասերների համար այլևս տեղ չկա: Սփյուռքը գումար է ուղարկում և այլ անհրաժեշտ պարագաներ, բայց լավագույնը նրանց է բաժին հասնում, քիչ բան է տրվում ժողովրդին, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Սփյուռքը ձեզ հետ է, մենք միշտ կաջակցենք Հայաստանին: Հիմա Հայաստանը պետք է գտնի մի առաջնորդ, որը ավելի լավ ապագա մեզ կտանի: Նախ և առաջ նրանք, ովքեր միշտ առիթից օգտվել են, պետք է փոխարինվեն իսկական հայերով, ովքեր ամենալավն են ցանկանում մեր երկրի ու ժողովրդի համար»:
Ամբողջությամբ՝ style.news.am