«Նիկո´լ, քանի դեռ ուշ չէ՝ Քա´յլ արա, սթափվի´ր». Գառնիկ Իսագուլյան
Advertisement 1000 x 90

«Նիկո´լ, քանի դեռ ուշ չէ՝ Քա´յլ արա, սթափվի´ր». Գառնիկ Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ընդհանրապես ձեռնպահ եմ մնում Ֆեյսբուքյան իմ էջում գրառումներ կատարելուց: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչում են զանգեր, որոնց նպատակն է իմանալ իմ կարծիքն ու դիրքորոշումը ներկա գործընթացների վերաբերյալ, ուստի բոլորի համար թող սա լինի ընդհանրական պատասխան:

Կանխավ բոլոր նրանց, ովքեր ծանոթ չեն իմ տեսակետներին և այսօր համարժեք չեն պատկերացնում գործերի իրական ընթացքն ու դրանց վերջնանպատակը, խորհուրդ եմ տալիս նախ կարդալ 2 կից հոդվածները (այդպիսիք հարյուրավոր են) հենց իմ Ֆեյսբուքյան էջում՝ հասկանալու համար իմ տեսակետներն ընդհանրապես, որից հետո նոր շարունակել կարդալ այս գրառումը՝ հասկանալու համար խոսքիս իմաստը մասնավորապես:

Պարոն Փաշինյանը (այսուհետ՝ Նիկոլը. այդպես նրան դիմում է ժողովուրդը) սկսեց մի շարժում, որի հիմնական կարգախոսն էր՝ «Քա´յլ արա, մերժի´ր Սերժին» և ի պատիվ իրեն այդ շարժման ընթացքում կարողացավ, կիրառելով ճշգրիտ մշակված տեխնոլոգիաներ, հասնել հաջողության՝ բարձրացնելով հարցեր, որոնք անխտիր առկա են, և որոնց օր առաջ լուծումն անհրաժեշտ է թե´ մեր երկրին, թե´ մեր ժողովրդին:

Ու այն հանգամանքը, որ այդ բոլոր առկա խնդիրների մեջ մեծամասնաբար մեղավոր են գործող իշխանությունները, որևէ կասկածանք չկա, և նա շատ ճշգրիտ հաշվարկով այդ ամենն ուղղեց կոնկրետ անձի՝ Սերժ Սարգսյանի դեմ:

Հաջողությունն ու հաղթանակն առկա են. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Շատերի համար անսպասելի ու բազմամարդ հանրահավաքները ընթացս փոխեցին իրենց առաջնորդի մտահղացումներն ու նպատակները (ախորժակն ուտելուց է բացվում), և կարգախոսը շատերի համար աննկատ դարձավ՝ «Նիկոլ՝ վարչապետ»:

Եվ այժմ ըստ էության կարելի է արձանագրել, որ նոր կարգախոսն է՝ «Քա´յլ արա, ընտրի´ր Նիկոլին»: Բայց ընտրությունն այժմ ոչ թե ժողովրդի ձեռքերում է (ինչքան էլ փորձի Նիկոլն այլ բացատրություններ տալ), այլ Ազգային ժողովինը, որում մեծամասնություն է կազմում «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը:

Ու եթե այժմ, կարևոր չէ թե ինչ մեթոդներով (որոնք միանգամայն անօրինական են), Նիկոլը հասնի նրան, որ իրեն հռչակեն վարչապետ, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. կա հանճարեղ մի արտահայտություն՝ «Հեղափոխությունը հղանում են հանճարները, իրականացնում են ֆանատները, իսկ նրա արդյունքներից օգտվում տականքները»:

Այո´, հարգարժա´ն Նիկոլ, այս պարագայում ստացվում է, որ ըստ վերոգրյալ մտքի՝ թե´ հանճարն ես լինելու դու, թե´ ֆանատը, բայց ներո´ղ եղիր, եթե դու դառնաս վարչապետ, նաև՝ թե´ տականքը:

Իմ անկեղծ հորդորը քեզ՝ Նիկո´լ, մի´ գնա այս վերջին քայլին, մի մուրա նրանցից քվե, ում քննադատում ես, ում դեմ, քո խոսքերով ասած, պայքարում ես, ու մի մսխիր ժողովրդի ու քո հաղթանակի քեզ տված հնարավորությունը՝ այսօր օրակարգ թելադրել ու սեղանի շուրջ կոնսեսուսով հասնել նրան, որ առաջնահերթ ընդունվի ընտրական նոր օրենսգիրք, ստեղծվեն արդար ընտրություններն ապահովող մեխանիզմներ ու արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվի ժողովրդի քվեով լեգիտիմ իշխանություն:

Այլ ճանապարհները աններելի սխալներ են: Դարձյալ ժողովրդի իմաստությամբ (նորողություն եմ խնդրում, թո´ղ ոչ մեկը սա իրեն չվերագրի)՝ «հրեշին սպանողը, թե հրեշի տեղը նստեց, ինքն է հրեշ դառնալու»:

Հասկանալի է, իրավիճակն այնպիսին է, ու սկսվել է մի գործընթաց, որն անչափ տհաճ է՝ ուրացում, առնետավազք, ճամբարափոխություն, վախ, նյութապաշտություն, գիշերային այցեր, ժողովրդից թաքուն բանակցություններ, անհայտ գումարներ, և մի՞թե սա է ձեր ճանապարհը:

Նիկո´լ, ես քո կողմնակիցը չեմ, չեմ եղել ու չեմ լինի, ես գիտեմ քո մտքերն ու դրանք չեմ կիսում: Քանի դեռ ուշ չէ՝ Քա´յլ արա, սթափվի´ր:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Ազգային ժողովի խմբակցության անդամներին (կանխավ ներողություն նրանցից, ում սա չի վերաբերում)՝ արժանապատվությո´ւն ունեցեք, թոթափե´ք ձեզանից վախը, քծնանքը, գայթակղությունը, դավաճանությունը, մի վերջին անգամ ինքներդ ձեր առջև ազնի´վ եղեք, մի´ տրվեք ինքնախաբեության:

Ձեր առաջնորդը խոստովանեց, որ ինքը սխալվեց, Նիկոլը ճիշտ էր, ապացուցե´ք, որ դուք որպես կոլեկտիվ, որպես կուսակցություն, որպես Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի հետնորդներ՝ ընդհանրական սխալ չեք:

Գործադրե´ք վերջին ճիգը, իրացրեք´ Սահմանադրությամբ ձեր լիազորությունները ու բաց ճակատով նայեք ժողովրդի աչքերին, եղե´ք միասնական, քվեարկե´ք ձեր թեկնածուի օգտին, այլապես այլոց վաղվա գործելիք մեղքերը նույնպես ձեր ուսերին է լինելու: Մի´ թույլ տվեք արարք, որ վաղը նախադեպ է դառնալու այլոց համար Հայաստանն անընդհատ լարվածության մեջ պահելու:

Ես ձեզ միշտ քննադատել եմ, դուք դրան ցավով եք վերաբերվել, բայց ես ճիշտ եմ եղել, իսկ այսօր այս դժվար պահին ես ձեր կողքին եմ ու ևս մեկ անգամ ասում եմ՝ վստա´հ եղեք:

Ազգային ժողովի մյուս խմբակցություններին՝ դատողը ես չեմ, Տերն է, բայց մի խնդրանք ունեմ. կարող եք գոնե հայտարարել ու ասել մի բան, որ վստահ լինենք, որ այն չեք փոխի մեկ ժամ հետո՝ կախված նրանից, թե հարթակում ինչ է հնչում: Մի՞թե դուք առաջնորդվում եք ոչ թե ձեր խղճով ու պահի պատմական թելադրանքով, այլ հարթակից հնչած մտքերով:

Սիրելի´ ժողովուրդ, նույնիսկ նրանք, ովքեր հասկանալի կամ անհասկանալի պատճառներով կգրեն մեկնաբանություններ, որոնց մեջ թերևս կլինի նաև հայհոյանք, հիշե´ք մի բան. իշխանությունը ձերն է և ուրիշ ոչ մեկինը, մի´ շռայլեք այն: Եվ հետևություններ արեք, երբ ամեն ինչ ձեզ համար հասկանալի կլինի: Հիմա խանդավառության պահ է, բայց ոչ սխալվելու, մենք դրա իրավունքը չունենք:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը:

Կեցցե´ Արցախի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը:

Կեցցե´ աշխարհասփյուռ հայությունը:

Տերը մեզ հետ:

Հ.Գ. Խոսքս հարկավ դեռ կիսատ է, ասելիքը՝ շատ, ժամանակը՝ քիչ: Թյուրիմացաբար թույլ տված տառասխալների համար կանխավ ներողություն:

Հարգանքով՝ Գառնիկ Իսագուլյան»:

 



Նման նյութեր