Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ հնարավորինս քիչ է միջամտում Հայաստանի ներքին գործերին
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ հնարավորինս քիչ է միջամտում Հայաստանի ներքին գործերին

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) և նրա նախագահ Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն չեն արել միության կամ անձամբ նրա անունից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Այդ մասին հայտարարել է միության փոխնախագահ Հերման Անանյանցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Աբրահամյանի անունից, ՌՀՄ-ի անունից ինչ-որ մեկը ելույթներ է ունենում, որոնց մասին մենք ավելի ուշ ենք իմանում, ցավոք: Սա իսկական սադրանք է: Եթե հայերի միությունը հայտարարություններ է անում, մենք միշտ տեղյակ ենք դրա մասին, մենք գիտենք՝ ինչի մասին, ինչ, և որտեղ », – «ՌԻԱ Նովոստիին» ասել է Անանյանցը:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրավիճակին, ապա Անանյանցն ընդգծել է, որ «դա այլ պետություն է, դա Ռուսաստան չէ»: «Մենք հնարավորինս քիչ ենք միջամտում այդ գործընթացին … Այսօր իրավիճակն այնտեղ շատ ծանր է, շատ բարդ», – ասել է միության փոխնախագահը:

Բացի այդ, միության կայքում տեղադրվել են «ՌՀՄ-ի անունից հայկական լրատվամիջոցներում շահարկումների առնչությամբ» մամուլի ծառայության բացատրությունները:

«Հրավիրում ենք լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների ուշադրությունը. Ռուսաստանի հայերի միության ցանկացած պաշտոնական հայտարարություն, այդ թվում` Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, միշտ հրապարակվում են մեր կազմակերպության www.sarinfo.org պաշտոնական կայքում: Խնդրում ենք այն հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը չէ, չգնահատել որպես իրականության և մեր կազմակերպության հետ կապ ունեցող  հայտարարություններ», – ասվում է մեկնաբանության մեջ:

Հայաստանի իրավիճակի հետ կապված Միության վերջին հայտարարությունը տեղադրվել է ուրբաթ: Դրանում իշխանության կամ ընդդիմության օգտին կոչեր չկան:

Բացի այդ, միությունը հույս ունի, որ Հայաստանի քաղաքական ուժերը մի կողմ կդնեն իրենց նեղկուսակցական շահերը և առաջնորդվելով ազգի և պետության ռազմավարական առաջնահերթություններով, մայիսի մեկին արժանի ընտրություն կկատարեն, որը համապատասխանում է հայ ժողովրդի սպասելիքներին»:

Հայերի միությունը հայտարարել է, որ կաջակցի այն վարչապետին, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրության նորմերին համապատասխան:

news.am