Վայր կդնեք ձեր մանդատը և կծառայե՞ք. Փաշինյանը պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորի հարցին
Advertisement 1000 x 90

Վայր կդնեք ձեր մանդատը և կծառայե՞ք. Փաշինյանը պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորի հարցին

Արդյո՞ք Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու դեպքում կհետևի իր կողմնակիցների այն կոչերին, որ բանակում չծառայած պաշտոնյաները վայր դնեն իրենց լիազորությունները ու գնան ծառայեն. խորհրդարանում այս հարցը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ջեմմա Բաղդասարյանը

«Պարոն Փաշինյան, Հայաստանի, Արցախի անվտանգության համար կարևոր է ռազմական կարողությունների զարգացումը: Այդ ֆոնի վրա վերջին օրերին սոցիալական ցանցերում հարցեր են բարձրացվում զորակոչի հետ կապված: Օրինակ, հարց է բարձրացվել այն մասին,  որ եթե մեկ ընտանիքից երկու զավակ ծառայել է բանակում, ապա երրորդը չծառայի: Ի՞նչ կարծիք ունեք դուք այս մասին: Խնդրում եմ ձեր կարծիքը նաև ձեր կողմնակիցների այն կոչերի վերաբերյալ, որ այն պաշտոնյաները, որոնք չեն ծառայել բանակում, անկախ հանգամանքներից, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները և գնան երկու տարի ծառայեն: Դուք, պարոն Փաշինյան, այդպես կվարվեք, թե ոչ»,- ասաց Ջեմմա Բաղդասարյանը:

Պատասխանելով Ջեմմա Բաղդասարյանին՝ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ իր որդու 18 տարին լրացել է մարտին և նա ամառային զորակոչի ընթացում օրենքով սահմանված կարգով մեկնելու է ժամկետային զինվորական ծառայության:

«Ինչ վերաբերում է հարցին, ապա չի կարելի որևէ իրավիճակ գնահատել անկախ հանգամանքներից : Եթե մենք այդպես անենք, ապա կունենանք անկապ գնահատականներ, որովհետև մենք հաշվի չենք առնի պատճառահետևանքային կապերը: Ինչ վերաբերում է ծառայությանը, ապա անկեղծ ասած իմ ամբողջ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում, ես ծառայել եմ և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը: Եվ 2016 թվականին, երբ անհրաժեշտություն էր առաջացել, մենք մեր կուսակցությունում կամավորական ջոկատ ենք կազմել, որը, մինչև կամավորական ջոկատներին հետ կանչելու վերջին օրը, մարտական ծառայություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ճանկաթաղ գյուղի հատվածում: Այդ ժամանակ եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, և այդ կարգավիճակն ինձ չի խանգարել  ավտոմատ կրել, խրամատ փորել և կանգնել պաշտպանության դիրքերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կիսում է այն տեսակետը, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է: Ըստ նրա՝ այդ շահերից է բխում, որ հենց այսօր ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ով այսօրվա երեկոյից սկսած, կզբաղվի օպերատիվ և հրատապ մի շարք հարցերի լուծմամբ: Նա հավաստիացրեց, որ բոլոր այդ հարցերը կլուծվեն օպերատիվ, արդյունավետ և իհարկե, համապատասխան մարմինների օղակների հետ համագործակցված:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ խոսքը սահմանված կարգով զինծառայության մասին էր:

«Երբ Ազգային ժողովը քննարկում էր «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, «Ելք» խմբակցությունը, ձեր գլխավորությամբ, այդ հարցն էր բարձրացնում, ըստ որի, պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները: Ուզում եմ արձանագրել, որ ձեր պատասխանը չբավարարեց»,-ասաց Ջեմմա Բաղդասարյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդպիսի հարց «Ելք» խմբակցությունը չի բարձրացրել, դա թյուրըմբռնում է:



Նման նյութեր