Գարիկ Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող՝ Synergy Insight Forum 2018-ի ժամանակ իր ելույթի սկզբում այսօր անդրադարձավ Հայաստանում կատարվող իրադարձություններին:
«Ես հուզված եմ, էմոցիոնալ առումով պատրաստ չեմ ելույթին: Այն ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ, այդ պատճառով չէի կարող հրաժարվել, սակայն իմ կյանք խառնվեցին հայրենիքիս՝ Հայաստանի իրադարձությունները: Հայաստանում ընթանում են քաղաքացիական խաղաղ ցույցեր: Ուզում եմ ասել, որ իմ մարմինն այստեղ է, ուղեղս աշխատում է, սակայն սիրտս ու հոգիս, մտքերս այնտեղ՝ Երևանում են: Ես սատարում եմ իմ ազգի խաղաղ մղումը դեպի երջանկություն, ժողովուրդն իրավունք ունի երջանիկ ապրելու: Ամբողջությամբ սատարում եմ, սատարել եմ եւ կսատարեմ նրանց ցանկացած պարագայում: Ժողովուրդը չի կարող սխալ լինել»,-ասաց Գարիկ Մարտիրոսյանը:
Շոումենը նշեց, որ իր համար շատ դժվար է խոսել այլ թեմաների շուրջ՝ իմանալով, թե ինչ է կատարվում հայրենի երկրում, նաև ասաց, որ միանում է ժողովրդի խաղաղ պայքարին՝ ընդգծելով, որ Ժողովուրդը իրավունք ունի երջանիկ ապրելու: Գարիկ Մարտիրոսյանը կոչ արեց հայ ազգին, որ ոչ մի դեպքում եւ ոչ մեկի թույլ չտալ, որ իրենց խաբեն:
«Երբ այս հաղորդման իրականացնողներն ինձ դիմեցին եւ ասացին, որ թեման ոչ ստանդարտ է լինելու, ես էլ այսօր ի պատասխան ոչ ստանդարտ քայլ արեցի, որովհետև համաձայնվեցի: Իմ հայրենիքում իրավիճակը լարված է եւ խառը իրադարձություններ են տեղի ունենում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ես անլուրջ մասնագիտության տեր եմ եւ չեմ կարող քաղաքական լուրջ դատողություններով զբաղվել, իսկ ահա ինչ կարող եմ ես ասել՝ օրինակը կբերեմ կոմիկական հաղորդաշարերի եւ շոուբիզնեսի ոլորտի շուրջ: Եթե դու չես շարժվում ոչ ստանդարտ ալգորիթմային լուծումներին համահունչ, ստեղծագործական քո յուրաքանյուր քայլ կարող է չարդարացվել, ինչը վերաբերվում է կյանքի յուրաքանչյուր բնագավառին»,-ասաց նա:
Շոումենն անդրադարձավ նաև «Կոմեդի քլաբ»-ում իր ելույթների դադարին՝ ասելով. «Եթե հետևում եք «Կոմեդի քլաբ» հաղորդաշարին, ես այնտեղ երկու տարուց ավելի է՝ ելույթ չեմ ունենում, հաղորդաշարը այնպիսին է, որը բոլորը սիրում են եւ գրեթե երբեք չեն քննադատում: Ես մի քանի տարի է՝ ինչ ելույթ չեմ ունենում այնտեղ, նրա համար, որ ստեղծագործական ոչ ստանդարտ մոտեցումներն ու լուծումները, որոնցով ես մի քանի տարի զարմացրել եմ հանդիսատեսին՝ ինձ մոտ սպառվել են: Ես կարծում եմ, որ մի քանի տարի պտտեցնել նույն անիվը, կամ նույն երգը՝ բացարձակապես անթույլատրելի է, դա անարդար վերաբերմունք է հեռուստադիտողի եւ հանդիսատեսի նկատմամբ, նույնը վերաբերվում է յուրաքանչյուր մեկ այլ ոլորտի, այդ թվում եւ քաղաքական»:
Խոսելով տարբեր ոլորտներում ոչ ստանդարտ լուծումների մասին՝ Գարիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ դրանք ամենևին էլ էքսպերիմենտներ չեն, այլ՝ սեփական միտքն ու գործը առաջ տանելու անհրաժեշտություն. «Եթե դու ամբիցիոզ մարդ ես, եւ ուզում ես որևիցե բանի հասնել, ապա քո կատարած յուրաքանչյուր քայլի ամեն մի միլիմետրը պետք է լի լինի ոչ ստանդարտ լուծումներով, ունենալ սեփական ոճ եւ որ ամենակարևորն է՝ չկրկնել նախորդներին, որպեսզի ձախողում չունենաս»:
Նշենք, որ Synergy Insight Forum–ին Գարիկ Մարտիրոսյանը հրավիրված էր ո՛չ որպես հումորիստ, այլ որպես ինտելեկտուալ: Եվ ինչպես փաստեց Synergy Insight Forum ծրագրի հաղորդավարը՝ երկու անգամ ավելի շատ հայ էր հավաքվել, քան սովորաբար լինում է: Բազմաթիվ ռուսաստանաբնակ հայ հանդիասատեսների խնդրանքն է եղել՝ թողարկմանն անդրադառնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Նշենք, որ ելույթը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: