Դուք կտրվել եք իրականությունից, Հանրապետության հրապարակում դրված է մի մեծ էկրան, որտեղ մի քանի հարյուր հազար մարդ նայում են ձեզ, խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Սպանռո՞ւմ եք»,- տեղից միջամտեց Մարգարիտ Եսայանը, ինչին Միրզոյանն արձագանքեց. «Բոլորովին»:
Անդրադառնալով հանրապետականների քննադատություններին՝ Միրզոյանը կոչ արեց սթափ լինել` նկատելով.
«Մի խումբ մարդ չի, այ ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդ դուք եք մնացել: Ոստիկանության շարքերով, պետական ապարատի ստորին, միջին, բարձր օղակներով, գյուղապետարաններով, ձեր երեխեքի կուրսեցիներով, ձեր հարևաններով, բարեկամներով՝ բոլորն ուզում են, որ դուք քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին և բոլորը նայում են ձեզ, և հետո դուք անհատապես նայելու եք այդ մարդկանց աչքերին ու այդ պահին ձեր կողքը չի լինելու Սերժ Սարգսյանը, չի լինելու ֆրակցիայի ղեկավարը»:
Միրզոյանը հիշեցրեց, որ «այլևս չկա Սերժ Սարգսյան, չկա իշխանություն ու ՀՀԿ-ն չպետք է խոսի իշխանության անունից»` նշելով, որ նրանք չեն վերահսկում իրավիճակը և միաձայն չեն քվեարկելու:
«Իշխանություն չեք, պրծելա, դուք կարաք լինեք մեր ընդդիմադիր գործընկերները, եթե ձեզ ճիշտ պահեք: ՀՀԿ իշխանությունն ավարտվել է: Հետագա դիմադրությունը միայն վնասելու է պետությանը, ժողովրդին և հենց ՀՀԿ-ին»,- նշեց նա:
Միրզոյանը նշեց, որ եթե Փաշինյանն այսօր չընտրվի վարչապետ՝ 7 օրից կընտրվի, եթե անգամ 7 օրից ուրիշ թեկնածու էլ լինի, միևնույն է իրենք կհաղթեն, քանի որ գիտեն ձևերն ու այլևս ընտրությունները չեն կեղծվելու:
«Մենք հաղթելու ենք: Տակը մնալու է պետությանը ձեր հացված վնասը կամ տված օգուտը, ձեր անձնական քաղաքական պատասխանատվությունը պատմության առաջ»,- հավելեց Միրզոյանը: