ՀՀԿ-ն անունը կփոխի ու կգնա արտահերթ ընտրությունների. Զոհրաբյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ն անունը կփոխի ու կգնա արտահերթ ընտրությունների. Զոհրաբյան. armeniasputnik.am

Անվանափոխությունն ու արտահերթ ընտրությունը չեն փրկի ՀՀԿ-ին: Քաղաքական ուժերը պատրաստվում են արտահերթ ընտրությունների:

ՀՀ վարչապետի ընտրությունները տապալելով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախընտրելով` ՀՀԿ-ն իր համար չարյաց փոքրագույնն է ընտրել: Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկ ՀՀԿ-ի քվեարկությունը, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ 7 օր հետո ևս ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Արդեն գործելու է Սահմանադրության հաջորդ նորմը՝ ԱԺ լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- նշեց նա:

Զոհրաբյանը, սակայն, վստահ է, որ ՀՀԿ-ին արտահերթ ընտրությունների միջոցով չի հաջողվելու մնալ իշխանության ղեկին:

«Հանրապետական կուսակցություն այլևս գոյություն չունի և ցանկացած քայլ, այս կամ այն կերպ երկարաձգելու սեփական գոյությունը, դատապարտված է վերջնական ձախողման: Նույնիսկ եթե այսօր բոլոր լծակները տոտալ կերպով լինեն Հանրապետականի ձեռքում, միևնույն է` առաջիկա արտահերթ ընտրությունները լինելու են այդ կուսակցության վերջնական վախճանը, ինչ անունով էլ այն գնա ընտրությունների»,- նշեց Զոհրաբյանը՝ չբացառելով, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններում կներկայանա այլ անվամբ՝ ընտրողներին թյուրիմացության մեջ գցելու համար:

Իսկ մինչ այդ «Ծառուկյան» խմբակցությունն ու ԲՀԿ-ն լինելու են ժողովրդի կողքին, այդ թվում՝ փողոցում:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45-ը միայն քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները:

armeniasputnik.am



Նման նյութեր