Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին, ով մայիսի 2-ին բերման էր ենթարկվել, պայմանական ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
45-ամյա Ս.Ք.-ն իր ցուցմունքում հայտնել է, որ եկեղեցու վրա իրականացված հարձակումից մի օր առաջ դրա ճակատային հատվածում կախել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը: «Ես զայրացա՝ տեսնելով, որ հաջորդ օրը նրանք հանել են այն»,- ասել է Ս.Ք.-ն՝ նշելով, որ դրանից հետո եկեղեցու վրա գրառում է կատարել, ինչպես նաև դրա մուտքի մոտ լցրել հարակից շրջաններից հավաքած աղբը:
Դատարանը որոշում է կայացրել պայմանական ազատ արձակել նրան՝ շաբաթական երկու անգամ ստորագրություն տալու դիմաց:
Ստամբուլի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ էր իրականացվել: Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում էր, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Բացի այդ, եկեղեցու բակ տանող դարպասների մոտ մեծ քանակությամբ աղբ էր թափվել:
Հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել: Ոստիկանությունը հայտնաբերել էր նրան լքված շինությունում, որտեղ նա թաքնվելիս էր եղել: Հաղորդվում էր, թե նա հոգեկան խնդիրներ ունի և նախքան եկեղեցու վրա հարձակումը երկու անգամ ինքնասպանության փորձ էր կատարել:
Մայիսի 1-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, թե հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի մասին իմանալուց հետո ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, եկեղեցու հիմնադրամի ղեկավար Արամ Բյուքյուջյանին ու Քադըքյոյ թաղամասի ղեկավար Մուստաֆա Օզարսլանին: Սոյլուն հայտնել էր, որ իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը պատասխանատուներին հայտնաբերելու ուղղությամբ: