«Բոբիկը հյուր է գնում Բարբոսային», «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Արձակուրդներ Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմաշարը հավանաբար բոլորն են դիտել։ Այդ ֆիլմերի կերպարներին սիրահարվել են բազմաթիվ երեխաներ, որոնք արդեն մեծացել են և հաճույքով կրկին դիտում են դրանք։ Այդ մուլտֆիլմերի մի շարք կերպարներ ստեղծել է նկարիչ-մուլտիպլիկատոր Լևոն Խաչատրյանը։
Լևոն Խաչատրյանը ծնվել է 1941թ-ի մայիսի 3-ին` պատերազմի նախօրեին։ Հայրը` Արշավիր Խաչատրյանը, Հայաստանում հայտնի իլյուզիոնիստ է եղել, բայց որդին շատ է սիրել նկարել։ Նա Երևանում ավարտել է գեղարվեստական ուսումնարանը, հետո գնացել բանակ, իսկ 1967թ-ին մեկնել է Մոսկվա` ընդունվելու հայտնի (և ընդունվելու համար չափազանց բարդ) Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (ՎԳԻԿ)
Մոսկովյան բուհից հետո Լևոնը որոշ ժամանակ աշխատել է «Հայֆիլմում», բայց 1970-ականների կեսերին վերջնականապես տեղափոխվել է Մոսկվա` կնոջ և դստեր մոտ։ Այստեղ նրան սպասել է հաստիքը, որի մասին շատերն են երազել` բեմադրող-նկարիչ «Սոյուզմուլտֆիլմում»։ Այն ժամանակ մուլտֆիլմերը ստեղծագործելու համար անսահման հնարավորություններ են ընձեռել, և Խաչատրյանը գլխովին ընկղմվել է այդ կախարդական աշխարհի մեջ։
Նա ստեղծել է մոտ տասը մուլտիպլիկացիոն ֆիլմեր, բայց առավել մեծ հաջողություն են ունեցել Պրոստոկվաշինոյում Քեռի Ֆյոդորի և նրա ընկերների արկածների մասին մուլտֆիլմի երկու սերիաները, ինչպես նաև «Բոբիկը հյուր է գնում Բարբոս» ֆիլմը։ Խաչատրյանը հատկապես հաճույքով է ստեղծել Պրոստոկվաշինոյի հերոսներին։
Նկարիչը հորինել և կյանքի է կոչել Քեռի Ֆյոդորին և նրա ծնողներին, ինչպես նաև հայտնի փոստարար Պեչկինին, իսկ Մատրոսկին կատուն, Շարիկը, Մուրկա կովը և Գավրյուշա հորթուկն իրենց ծնունդով պարտական են Նիկոլայ Երիկալովին։ Խաչատրյանը չարչարվել է Պեչկինի վրա, երկար աշխատել, մի քանի տարբերակներ ստեղծել և արդյունքում ընդունել այն, որը հոգեհարազատ է եղել հենց մուլտիպլիկատորին։
Իսկ ահա Քեռի Ֆյոդորի մորը նա նկարել է իր կնոջ` դերասանուհի Լարիսա Մյասնիկովայի նմանությամբ։ Խաչատրյանը պատմել է, որ նա հենց այդպես էլ պատկերացրել է մուլտֆիլմի հերոսուհուն` ցածրահասակ, կարճ սանրվածքով և ակնոցով։ Գեղարվեստական խորհուրդը միայն փոքր փոփոխություն է կատարել. կինը կլոր ակնոց էր կրում, մուլտֆիլմում այն քառակուսի է։
Ի դեպ, ակնոցի ձևը փոքր-ինչ փարատել է Լարիսա Մյասնիկովայի անհանգստությունը, որը շատ դժգոհ էր այն բանից, թե իրեն ինչպես էին պատկերել մուլտֆիլմում։ Նա հայտնել էր, որ բոլորովին էլ այդքան քմահաճ և նյարդային չէ կյանքում, ինչպես երևում է էկրանին։ Բայց, համաձայնենք, որ այդ պահանջը ոչ մի կերպ չի կարող ուղղված լինել նկարչին, «մեղավոր» են ռեժիսորը և սցենարիստը։ Իսկ ահա քառակուսի ակնոցը հաշտեցրել է Լարիսային Քեռի Ֆյոդորի մոր կերպարի հետ։ Լարիսայի խոսքով` նա երբեք նման ակնոց չէր դնի, բայց եթե այդպես է, ապա որոշել է, որ ոչ ոք նրան չի նմանեցնի էկրանային կերպարի հետ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am