Հայկական գինեգործության ոլորտի խնդիրներից խոսելիս (արտահանման մասով) և ներկայացնելով առաջիկա 5 տարիների մարկետինգային ռազմավարության որոշ հարցեր, ռուսական շուկային անդրադարձանք այն կտրվածքով, թե ինչ քայլերով կարող ենք այդ շուկայում մեզ համար տեղ անել։ Մանրամասն ուսումնասիրվել է նաև մեր գինիների մուտքի հնարավորությունը լեհական, ամերիկյան (մասնավորապես՝ ԱՄՆ), բելգիական շուկաներ։
Օրինակ, լեհական գինու շուկայի ընդհանուր պատկերը սա է (շատ հակիրճ և ըստ նշյալ ռազմավարությունում արծարծված ուսումնասիրության)։ Չնայած լեհական գինու շուկան բաց է տարբեր ծագմամբ գինիների համար, ամենախոշոր մատակարարներն են ավանդական գինի արտադրող եվրոպական երկրները։ Գերմանիան առաջատար ներմուծողն է. 2015թ. ներմուծումը կազմել է 53.4 մլն եվրո (ամբողջ ներմուծման 25.2 տոկոսը)։
Միասին եվրոպական ավանդական գինի արտադրող երկրները գրավել են շուկայի ամուր դիրք՝ կազմելով ամբողջ ներմուծման 62.9 տոկոսը։ 2015թ. զարգացող երկրներից գինու ներմուծումը Լեհաստան կազմել է գինու ընդհանուր ներմուծման 28.2 մլն եվրո (ընդհանուր ներմուծման 13.3 տոկոսը), որը վկայում է, որ 2011 թվականից ի վեր 5.3 տոկոս տարեկան միջին աճ է գրանցվել։ Չիլին ամենախոշոր զարգացող երկիրն է, որը մատակարարում է լեհական գինու շուկան, որին հաջորդում են Արգենտինան և Հարավային Աֆրիկան։
Նրանք կազմում են 2015թ. ընդհանուր ներմուծման համապատասխանաբար 6.3, 1.0 և 0.7 տոկոսը։ Զգալի ներմուծում իրականացվում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից պատմական կապերի շնորհիվ։ Արևելյան Եվրոպայի հիմնական մատակարարներն են Բուլղարիան (ընդհանուր ներմուծման 5.4 տոկոսը), Մոլդովան (3.3 տոկոսը), Հունգարիան (1.8 տոկոսը) և Չեխիայի Հանրապետությունը (1.7 տոկոսը)։ Բոլորովին վերջերս Վրաստանից գինու ներմուծումը աճել է՝ կազմելով ընդհանուր ներմուծման 1.7 տոկոսը։
Ամբողջությամբ՝ armenpress.am