Տիգրան Հակոբյանի գրառումը.
«Երկու շաբաթ է, ինչ աշխարհի տարբեր պարբերականներում լույս տեսած նյութերում մեր երկիրն ու մեզ սիրում են, գնահատում են, օրինակ են բերում, մեզ նախանձում են, պարծենում ու զարմանում են, մեզ երկրպագում են, մեզ բացահայտում են: Եվ բացահայտում են ոչ թե անցյալով, Գարնի-Գեղարդով, Նարեկով, Ցեղասպանությամբ ու տոլմայով, այլ ներկայով:
Խելագարության չափի հասցնող կիրթ ու սիրուն ջահելներով, անարդարությունն ու բռնությունը մերժող քաղաքացիներով, ժողովրդի անհավատալի ինքնակազմակերպմամբ, սիրո և հավատքի չտեսնված մթնոլորտով ու պատկերներով: Սա այն փափուկ ուժն է, որով մենք կարող ենք գրավել աշխարհի համակրանքը:
Սա այն դրսևորումներն են, որոնք ոչնչացնում են մեր միջի «վատ երկրում» ապրելու բարդույթը:
Հուսով եմ, կգտնվի լրագրողական կազմակերպություն, լրատվամիջոց, կամ անհատ, որը կհավաքի, կարխիվացնի, կսիստեմավորի աշխարհի մեդիայի արձագանքները «բաց ձեռքերի հեղափոխությանը»: Հարյուրավոր շշմելու, հուզիչ տեքստեր, տեսանյութեր և լուսանկարներ են լույս տեսել համաշխարհային տեղեկատվական հոսքերում: Դրանք պետք է պահպանվեն:
Իսկ հետո կարելի է մշտական գործող մի ինտերակտիվ ցուցահանդես կազմակերպել, ու երբ հիասթափված ես, գալ վերհիշել այս շշմելու օրերն ու դուխով գնալ շարունակել ապրելն ու աշխատելը…»