Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականից հետո մանկավարժներն այսօր Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի մոտ բազմաթիվ բողոքներ են ներկայացրել տնօրենի աշխատանքի վերաբերյալ։
Մասնավորապես ուսուցիչներից մեկը հայտարարեց, որ բազմաթիվ անգամ իրենց բողոքների հիման վրա եկել են դպրոցում ուսումնասիրություններ են կատարվել, սակայն որևէ խախտում չի հայտնաբերվել։
«Տնօրենը մեզ ասում էր՝ ուզում եք կեղտ գտնեք, չեք գտնի, գլխումս դեռ խելք կա»,- արդեն նախկին տնօրենի խոսքը փոխանցեց ուսուցիչներից մեկը։
Նկատենք, որ այսօր առավոտյան Ազիզյանը դպրոցից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել։
Ուսուցիչները նաև Ստեփանյանին փոխանցեցին, որ 1000 դրամով իրենց պարբերաբար պարտադրվել է գնել թատրոնի միևնույն ներկայացման տոմսեր։
«Պարզապես այս հեղափոխության հետ կապված մենք հույս ունենք, որ մեր ձայնը կլսվի»,- հավելեց ուսուցիչը։
Ի պատասխան՝ Ստեփանյանն ասաց, որ խոսքը վատ երևույթի մասին է, և դա ընդունելի չէ ու նկատեց, որ իր պաշտոնավարման ընթացքում այս դպրոցի հետ կապված միայն մեկ անգամ է դժգոհություն ստացել, երբ պարտադրվել էր բոլորին գնել Մոնթեի նկարով շապիկներ։
Ուսուցիչների մեկ այլ խումբ էլ դժգոհում էր, որ իրենք չեն կարողացել իրենց մտահոգությունները հայտնել՝ «հանգամանքներից ելնելով»։ Բացի այդ, ասացին նաև, որ իրենց ինքնասիրությունն է տնօրենը վիրավորել։
«Բայց դուք ի՞նչ ունեիք կորցնելու, չէ՞ որ դուք մանկավարժներ եք, իսկ մանկավարժը երբևէ վախկոտ չի եղել։ Պետք է ընդվզեիք, ինչո՞ւ եք հանդուրժել», – արձագանքեց քաղաքապետարանի կրթության վարչության պետը։
Աննա Ստեփանյանին դժգոհեցին նաև, որ հավաքարարին թույլ չի տրվել բուֆետում ընդմիջում անել, և նա աստիճանների տակ է կերել իր հացը, ինչին քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքեց զարմանքով.
«Այստեղ այդպե՞ս է եղել։ Դուք հիմա երևույթներ եք ասում, որ նույնիսկ տհաճ է լսելը։ Ես չեմ պատկերացնում դա՝ որպես մանկավարժ։ Դպրոցում կլինի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որը լուծումներ կգտնի՝ վերացնելու վատ երևույթները, որի մասին խոսում եք»։
Հատկանշական է, որ դպրոցի ուսուցիչները չգիտեին՝ որոնք են իրենց իրավունքներն ու պարտականությունները, և քաղաքապետարանի պաշտոնյան դրանից նույնպես զարմացավ՝ հետաքրքրվելով, երբ ընդունվել է աշխատանքի, չի՞ տեղեկացել արդյոք իր իրավունքների ու պարտականությունների մասին։
«Ես ձեզ էլեկտոնային տարբերակով կուղարկեմ ձեր իրավունքներն ու պարտականությունները, դուք կծանոթանաք դրանց», -խոստացավ Ստեփանյանը։
Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ դպրոցի կառավարման խորհուրդը կհայտարարի մրցույթ և տնօրենի թափուր տեղի համար հավակնող թեկնածուները կմասնակցեն մրցույթին, որի արդյունքում կընտրվի տնօրեն։