Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանում ապագա կառավարության կազմի հետ կապված առարկայական քննարկումներ կունենա մայիսի8-ին վարչապետի ընտրությունից հետո: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ապագա կառավարության կազմի հետ կապված որոշակի քննարկումներ խմբակցությունում ունեցել ենք, սակայն ավելի առարկայական քննարկումներ կունենանք ապագայում, երբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը, որովհետև հիմա դեռ դրա ժամանակը չէ»,- նշեց Մարուքյանը:
Հարցին, ինքն իրեն գործադիրում տեսնո՞ւմ է, Մարուքյանը պատասխանեց. «Անձամբ ես ինձ տեսնում եմ խորհրդարանում»:
Նա նաև նշեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, ըստ էության, դառնում է իշխանական խմբակցություն և պետք է դառնա Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում:
«Մենք պետք է աշխատենք այն ծրագրերի, փոփոխությունների և ռեֆորմների ուղղությամբ, որը կառավարությունը կբերի խորհրդարան»,– ընդգծեց Մարուքյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կհաստատի նաև Նիկոլ Փաշինյանի ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ եթե ՀՀԿ-ն պիտի չհաստատի Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, նրան վարչապետի պաշտոնում չի էլ ընտրելու, քանի որ դրա իմաստը չկա:
«Եթե նրանք չհաստատեն Փաշինյանի ծրագիրը, մենք կրկին խորհրդարանում վարչապետի ընտրության փուլերն ենք անցնելու: Սակայն ո՞րն է դրա իմաստը: Կարծում եմ, որ իմաստ չկա Փաշինյանի ծրագիրը մերժելու մեջ: Ես սա ասում եմ ելնելով քաղաքական իրողությունից»,- ասաց պատգամավորը: