Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքային որոշ հարցեր էր քննարկում: Նա ասաց, որ այսօր զբաղված է վաղվա իր ելույթով:
Հարցին՝ հետո ի՞նչ է լինելու« կառավարության ծրագիր դուք ներկայացնելո՞ւ եք՝ Փաշինյանը պատասխանեց, որ այո, մշակում են և ՀՀԿ-ն, իր կարծիքով, կընդունի այն. «Ինչու եք շտապում, եկեք օրվա խնդիրները լուծելով՝ գնանք առաջ, որովհետև ռազմավարական խնդիրներն արդեն իսկ լուծել ենք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարության կազմի հետ կապված ճի՞շտ են շրջանառվող լուրերը, հաշվի առնելով, որ Խաչատուր Սուքիասյանի անունն է շրջանառվում, արդեն մարդիկ դժգոհություն են հայտնում, որ օլիգարխիան էլի վերադառնում է իշխանության՝ այլ դեմքերով:
Փաշինյանը պատասխանեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»: Նա վստահեցրեց, որ որևէ առաջարկ չի ստացել այդ առնչությամբ: Թե Սուքիասյանի թեկնածությանն ինչպե՞ս է վերաբերում՝ նա պատասխանեց. «Արդեն ասացի»:
Հարցին՝ ամսի 8-ից հետո, իշխանության մաս կազմող օլիգարխների համար հնարավո՞ր է հանդիպում լինի և նրանց հասկացվի, որ այսուհետև խաղի այլ կանոններ են լինելու՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ ելույթում կանդրադառնամ դրան: Իհարկե, պետք է խաղի կանոնները փոխել: Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում վենդետաների: Ես դա իմ ելույթում էլ կասեմ: ՀՀ-ում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համաձայնության մթնոլորտ ստեղծելու»:
Հարցին՝ քննություններ չե՞ն լինելու, պատասխանատվություն կրողներ չե՞ն լինելու՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ վենդետաներ չեն լինելու»:
Լրագրողները ճշտեցին՝ անգամ Մարտի 1-ի հարցո՞վ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու»:
Նա ասաց, որ հանրությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները, բայց այն մթնոլորտը, որը այսօր կա ՀՀ-ում, սիրո և հաշտության հեղափոխությունից հետո այդ մթնոլորտն էլ չի լինի. «Բայց սա չի նշանակում, որ այն նպատակները, որոնք դրված են՝ երկրում օրենքի իշխանություն և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրները չեն լուծվելու: Ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են և մեկը մյուսի հաշվին երբեք չի արվելու: Բոլորս այս ընթացքում համոզվեցինք՝ այդ խնդիրները լուծվելու են»: Նա ասաց, որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու:
Հարցին՝ կարո՞ղ են ներկրել արդեն շաքարավազ, բանան՝ նա պատասխանեց. «Քանի որ այս պահին վարչապետ չեմ, ես չեմ ուզում ոչ մի հայտարարություն անեմ, իմ վարչապետ ընտրվելու պահից՝ այո, պետք է հետևենք, որ այդ հայտարարությունից հետո իրադրությունը փոխվի»: