Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ջախջախեց «Բարնլիին»: Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում սա վերջին հանդիպումն էր «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար: Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը մրցաշրջանի ավարտին կհեռանա:
Պրեմիեր լիգայում «Արսենալը» ևս երկու հանդիպում կանցկացնի մրցակցի հարկի տակ՝ խաղալով «Լեսթերի» և «Հանդերսֆիլդի» հետ: «Արսենալի» ֆուտբոլիստները Վենգերի համար տնային վերջին խաղում արժանի ֆուտբոլ ցուցադրեցին: Սա թերևս այն «Արսենալն» էր, որը երկրպագուները ցանկանում էին տեսնել մրցաշրջանի ընթացքում: Ֆուտբոլիստների մոտ նկատվում էր այն դինամիկան, որը հաղթանակի հասնելու գլխավոր գրավականն է: Չկար մի ֆուտբոլիստ, որը կտրված էր խաղից: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արսենալը», Մադրիդում 1:0 հաշվով զիջելով «Ատլետիկոյին», դուրս էր մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից:
Իսպանական ակումբի հետ դիմակայությունում «Արսենալը» ուներ դարպասը գրավելու մոտ 10 հնարավորություն, որոնք, սակայն, չօգտագործեցին: Սա հոգեբանական ծանր հարված էր լոնդոնյան թիմի ֆուտբոլիստի համար: Ձախողման մեջ փորձագետներն ու երկրպագուները մեղադրում էին Արսեն Վենգերին: Ու հիմա նույն լրատվամիջոցները, անդրադառնալով «Բարնլիի» հետ խաղին, գրում են, որ Վենգերը իր ետևից շրխկացրեց դուռը:
«Բարնլիի» դեմ խաղում լավ տպավորություն թողեց նաև Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը շարունակ շարժման մեջ էր և նպաստում էր արդյունավետ գործողություններին: Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով՝ Մխիթարյանը ստացել է բավական բարձր՝ 8.1 գնահատական: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պյեր Էմերիկ Օբամեյանգը, որը դարձել էր դուբլի հեղինակ: Գաբոնցի հարձակվողն արժանացել է 9.5 գնահատականի:
Նկատենք, որ «Բարնլիի» դեմ «Արսենալը» խաղաց 4-3-3 ընդգծված հարձակողական մարտավարությամբ: Ավելին, Վենգերը առաջին անգամ մեկնարկային կազմում էր ընդգրկել նոմինալ հարձակվողներ Լակազետին և Օբամեյանգին: Կարծում ենք՝ տակտիկական այս փոփոխությունը ևս էապես նպաստեց տպավորիչ հաղթանակին: Լակազետն ավելի շատ խաղում էր կենտրոնում, իսկ Օբամեյանգը՝ ձախ եզրում: Հենրիխ Մխիթարյանին էլ ավելի շատ տեսանք աջ եզրում: Կարելի է ասել, որ հայ ֆուտբոլիստը լուրջ աշխատանք տարավ, որ երկու նոմինալ հարձակվողները չկտրվեն խաղից: 5 գոլերից 3-ը հեղինակեցին հարձակվողները, ինչը վկայում է կիսապաշտպանական և հարձակողական օղակների լավ համագործակցության մասին:
Ամբողջությամբ՝ 1in.am