ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները լիարժեք և արդյունավետ չեն կարող լինել առանց կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարության մասնակցության: Այս մասին «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ հավելելով, որ դա նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով:
Խոսելով հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման անհրաժեշտության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի ու դրա իրացման միջազգային ճանաչումը:
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերոնշյալ սկզբունքային դիրքորոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պետք է նոր լիցք հաղորդել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության օրակարգային կարևոր հարցերից մեկը պետք է լինի: