ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ: Նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ազգային գերակայությունների օրակարգը մշակելու ու պետության բնականոն գործընթացը ղեկավարելու ծանր պատասխանատվության առջև: Լայն տարողություն ունեցող այս հանձնառության ստանձնումը ենթադրում է մնայուն մարտահրավերների դիմագրավման կողքին, Հայաստանի վերածննդից ի վեր, անցնող 27 տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումների ամրապնդումը»,- նշված է ՀԲԸՄ ուղերձում:
ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը:
«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ և վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին: Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ, մենք պատրաստակամ ենք, ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլև շարունակաբար նպաստել Հայաստանի արդար և խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաև հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգևորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի և Արցախի զարգացմանը»,- նշված է շնորհավորական ուղերձում: