Գյումրիի «Շիրակի» շուրջ պայմանավորված հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը կարող է քաոսային իրավճակ ստեղծել հայկական ֆուտբոլում: Օրեր առաջ ՀՖՖ-ն հանդես եկավ հայտարարությամբ, պնդելով, որ «Շիրակ» ակումբը փորձել է այսպես ասած խաղ սարքել: ՀՖՖ-ի հաղորդագրության համաձայն «Բանանց» ֆուտբոլային ակումբը դիմում է ներկայացրել ՀՖՖ՝ կազմակերպված խաղի մասին տեղեկություններ տրամադրելով:
Մասնավորապես, «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց և տեղեկացրել է, որ իրեն «Շիրակ» ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: «Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները: ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն, որոշում էր կայացրել Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Շիրակից» մասնատած միավորներից չեղարկել 12-ը, Արարատ Հարությունյանին ցմահ որակազրկել, ինչպես նաև ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով՝ այսինքն 7 միլիոն դրամով: Ավելի ուշ հայտարարություն տարածեց նաև Գյումրիի թիմը նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում և որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։
Ամբողջությամբ՝ 1in.am