Մեծ հայրենադարձությունը պետք է դառնա համահայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենառաջնայինը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ աջակցություն կցանկանան տեսնել Սփյուռքի հայության կողմից, Փաշինյանը մեկ բառով պատասխանեց «Հայրենադարձություն», ապա շարունակեց. «Դա կարող է լինել կապիտալի հայրենադարձություն, գաղափարների հայրենադարձություն, նախագծերի հայրենադարձություն և ամենակարևորը մարդկանց հայրենադարձություն»:
Նա ընդգծեց, որ Հայաստանի գոյության բարձրագույն իմաստը հետևյալն է՝ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր, մշակութային ներուժը սեփական տարածքում կենտրոնացնելը և դրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը. «Սա է այն հայեցակարգը, որի իրագործումը պատկերացնում եմ համայն հայության ջանքերով: Ես հույս ունեմ, որ այս գաղափարը կձևակերպվի որպես հայ ժողովրդի ազգային գաղափարախոսություն»,- ասաց նա: