Շուշիի ազատագրման մասնակիցներից Հրազդանի ջոկատի հրամանատար Անդրանիկ Ափոյանի որդին այսօր ծառայում է հենց այն դիրքում, որտեղ տարիներ առաջ վիրավորվել է հայրը:
Անդրանիկ Ափոյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Շուշիի ազատագրման գործում մեծ է եղել կամավորական ջոկատների, այդ թվում, իրենց ջոկատի դերը: Նա այսօր էլ հպարտությամբ է հիշում ու վերհիշում այդ օրերը. «1988 թվականից, երբ սկսվեց արցախյան շարժումը, ես ու ընկերներս շարժման մեջ ենք եղել: Այդ ժամանակ ես ընկերոջս՝ Արթուր Սաֆարյանի հետ երիտասարդական միություն էինք ստեղծել ու պայքարում էինք, ինչպես կարողանում էինք: Հետո «Հայոց ազգային բանակ»-ի շարքերում ընդգրկվեցի, իսկ 1990-ին դարձա դաշնակցական: Մասնակցել եմ Նոյեմբերյանի, Երասխավանի, Վարդենիսի շրջաններում մղված մարտերին:
ՀՅԴ Հրազդանի ջոկատի կազմում միայն 1992թ-ին ինձ հաջողվեց մեկնել Արցախ, մինչ այդ չէին տանում, ասում էին՝ դու մնա, էստեղ քո կազմակերպության գործերն արա, բայց համառ էի ու հաջողվեց: Այդ ժամանակ 19 տարեկան էի ու ջոկատի կազմում մեկնեցինք, պատրաստվում էինք Շուշիի ազատագրման օպերացիային:
Մեր հավաքատեղին Ստեփանակերտում էր: Էնտեղից նայում էինք դեպի Շուշի ու զարհուրում, թե ինչպես պիտի ազատագրվի, շատ բարդ էր ամեն ինչ, սակայն մեզ հաջողվեց»,- պատմեց Անդրանիկը:
Անդրանիկ Ափոյանը հիշում է, որ տարբեր ճակատներով կամավորական ջոկատները իրենց առջև դրված պարտականություններն էին կատարում: Հայի նույն համախմբվածությունն այդ օրերին ևս ցայտուն դրսևորվում էր. «Շուրջ 10 օր Սխնախի անտառներում էինք, հետախուզություն էիք անում, Ժիրայր Սեֆիլյանն էլ էր էնտեղ: Մենք թիկունքն էինք պահում և հենց այս օրը ՝մայիսի 9-ին, Զառիսլու գյուղում, թուրքերին օգնության շտապող ուժերի դեմն առանք, ճանապարհը փակեցինք ու նրանք չկարողացան հասնել: Հենց այդ մարտերի ժամանակ զավեշտալի դեպք եղավ. թուրքերը խուճապի մատնվելով իրենք իրար էին կրակում, երևի չէին հասկանում՝ հայ է, թե թուրք, կամ էլ ուղղակի վախից իրար էին խփում: Ինչևէ, հաղթեցինք, մտանք Շուշի ու տեսանք ժողովրդի բերկրանքը, ծափերով դիմավորում էին մեզ»,-նշեց Անդրանիկը:
Անդրանիկ Ափոյանն այնուհետ Դաշնակցության ջոկատների հենքի վրա ստեղծված Շուշիի առանձնակի գումարտակի կազմում է ընդգրկվել, եղել դասակի հրամանատար: Վիրավորվել է Հադրութում՝ այն նույն դիրքում, որտեղ այսօր իր որդին է ծառայում: Ապրիլյան պատերազմի օրերին ևս ընկերների հետ մեկնել են դիրքեր, կանգնել զինվորների կողքին:
«Թվում էր, թե մենք այսօրվա սերնդից ավելի հայրենասեր ենք, ավելի ուժեղ, բայց թե ապրիլյան պատերազմը, թե վերջին օրերին մեր երիտասարդների պայքարը ցույց տվեց, որ նրանք մեզնից ավելի ուժեղ են, ավելի հայրենապաշտ ու ես անկեղծորեն հպարտ եմ դրա համար»,-նշեց Ափոյանը:
Ամբողջությամբ՝ news.am