Հայկական ֆուտբոլում ծագեց հերթական սկանդալը, որն իր հնչեղությամբ կարող է ծանր հետևանք ունենալ: ՀՖՖ-ն հավաստիացնում է, որ ձեռքի տակ ունի ձայնագրություններ թե ինչպես է «Շիրակ»-ի մարզիչ Արարատ Հարությունյանը խաղ կազմակերպելու վերաբերյալ զրուցում «Բանանց»-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ:
Ֆուտբոլիստներին կաշառելու վերաբերյալ սա առաջին սկանդալը չէ հայկական ֆուտբոլում: Հիշենք 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում 2003 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Հունաստան հանդիպումը: Այս խաղում հույները Վրիզասի խփած գոլի շնորհիվ հաղթեցին: Սակայն հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում սկանդալային իրադարձություն տեղի ունեցավ. երբ հույների գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագելը հեռացավ մամուլի ասուլիսից, հանկարծ լրագրողներին հայտնեցին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն պետք է անի: ՀՖՖ նախագահը հայտնեց, որ վերջին 15 օրվա ընթացքում հավաքականի ֆուտբոլիստներին փորձել են կաշառել, իսկ տղաները չեն համաձայնել ու հայտնել են ՀՖՖ-ի ղեկավարությանը: Խաղից 2 օր առաջ Հունաստանից Երվանդ Սուքիասյանը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանին և ասել, որ Հունաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը առաջարկում 1 մլն դոլար պարտվելու համար: Այս հեռախոսազանգը ձայնագրվել էր և ներկայացվել Հայաստան-Հունաստան խաղի կոմիսարին: Ըստ Հայրապետյանի՝ այս ամենը մեծ լարվածություն է առաջացրել տղաների մոտ, որն էլ դարձել էր պարտության պատճառը: Հունաստանի Ֆուտբոլի Ֆեդարացիան հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հերքել էր այն բոլոր մեղադրանքները, որոնց մասին հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը։ Այնուհետև ՈՒԵՖԱ-ն էր հանդես եկել հայտարարությամբ, թե ընթացող հետաքննությունը որևէ ապացույց չի գտել Հայաստան-Հունաստան հանդիպումը գնելու փորձի վերաբերյալ: Փաստորեն այն ժամանակ Հայրապետյանի ներկայացրած ձայնագրություններն ՈՒԵՖԱ-ն բավարար հիմք չհամարեց Հունաստանին պատժելու համար:
«Բանանց»-«Շիրակ» խաղում տեղի ունեցածը միանգամայն նման է Հայաստան-Հունաստան խաղից հետո տեղի ունեցածին: Ի տարբերություն ՈՒԵՖԱ-ի, սակայն, ՀՖՖ-ն ձայնագրությունը անմիջապես, այսպես ասած, «Շիրակ»-ի կողմից «մախինացիայի» հիմք ընդունելով՝ Բարձրագույն խմբի առաջնությունում թիմի վաստակած միավորները նվազեցրեց 12-ով: Եթե տուգանքը և Արարատ Հարությունյանի որակազրկումն ինչ-որ տեղ ընկալելի են, ապա միավորներ հանելը, կարծում ենք, անտրամաբանական է և այլ նպատակներ է հետապնդում: Ինչ տվեց Հունաստանի հետ հանդիպումից հետո առաջացրած սկանդալը Ռուբեն Հայրապետյանին:
Ցավոք, քանի դեռ գոյություն ունի սպորտը, նման արատավոր երևույթներն անխուսափելի են: Ֆուտբոլիստներին կաշառելու, խաղը գնելու փորձեր արվում են շարունակ, նաև՝ բարձրակարգ մրցաշարերում: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում ֆուտբոլիստներին «գնելու» դեպքեր լինում են գրեթե բոլոր տուրերում: Բայց դժվար է հիշել մի դեպք, երբ թիմը ձայնագրություններով վազում է ֆուտբոլի ֆեդերացիա և մատնում գործընկերոջը: Ֆուտբոլային ներքին խոհանոցում կան չգրված սկզբունքներ, որոնց վրայով անցնելը, կարծում ենք, այնքան էլ ճիշտ չէ: Այո, Արարատ Հարությունյանը փորձել է պայմանավորվել «Բանանց»-ի ֆուտբոլիստի հետ, և խոսակցության ձայնագրությունը կա: Կար նաև Երվանդ Սուքիասյանի՝ խաղը գնելու փորձի ձայնագրությունը, և ինչ: Առկա իրավիճակում ինչպես գնահատել «Բանանց» ակումբի քայլը:
Ամբողջությամբ՝ 1in.am