Կոմիտաս Հովնանյան վարդապետը ֆեյսբուքյան իր էջումգրում է. «Բարի լույս իմ չքնաղ ազգ, թավշյա գործընթացից հետո առաջին օրդ է, տա Աստված, որ այն բարիով սկսի, առանց անկարգությունների, առանց վեճերի, առանց դանակահարությունների, առանց քցելու-խաբելու և նման բացասական խնդիրների, այլ ճիշտ հակառակը, իրար հարգելով, գնահատելով, օգնելով, ամենակարեվորըՙ իրար ներելու:
Ես սիրում եմ բոլորիդ, քանզի դուք հրաշք եք:
Եվ այսպես՚
Առավոտ շուտ արթնացա և կարդացի. «ԱՄՆ-ից և Եվրամիությունից հայերին կարտաքսեն. ապաստան հայցելու գործերի քննությունը դադարեցվել է» լուրը:
Կարծում եմ այն մեծ ավետիս կլիներ, եթե մենք նրանց գալուց առաջ աշխատատեղեր ՊԱՏՐԱՍՏԱԾ լինեինք նրանց համար, այսինքն՝ ընտանիքներ, իրենց զավակներով վերադառնալուց հետո, ոչ թե տհաճություն ապրեին բախվելով սոցիալական և նյութական խնդիրների և այդ կերպ հիասթափություն ապրեին իրենց իսկ հարազատ հայրենիքում, այլ զգային կատարված թավշյա գործընթացի քաղցրությունը:
Եթե պիտի գան այնտեղ, որտեղից դժգոհության պատճառով փախել են, ուր է իմաստը նույն դժգոհ վիճակում ապրելու: Այսինքն մարդուն «արի տուն» ասելուց առաջ, այդ «տունը» կառուցիր ոչ թե բաց երկնքի տակ, այլ տուր նրան այն բույնը, որտեղ պիտի ապրի և ոչ՝ գոյատևի…
Մարդկանց մի դժբախտացրեք այնպես, ինչպես ժամանակին «ախպարներին», որոնք հայրենիքի կարոտով եկան Հայրենիք, ապրեցին այստեղ տասնամյակներ, չհաշտվելով, որ«ոչ ոք ձեր հետևից կարմիր խնձոր չի ուղարկել» և այդպես էլ չհաշտվելով, որ իրենք այս երկրի խորթ զավակներն են՝ գաղափարի հետ: Չանենք ոչինչ պարզապես, ինչ որ բան արած լինելու համար, այլ անենք ամեն բան, հանուն մեր ԱԶԳԻ: Հիշեք ավետարանական պատգամը, երբ 100 ոչխարիդ մեկին կորցնում ես, թող 99-ին և գնա այդ մեկին փնտրելու: Քանզի ամեն մի արժեք սկսում է հենց 1-ից»: