Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է. Ալեքսանդր Իսկանդարյան
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է. Ալեքսանդր Իսկանդարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնության կառավարության ձևավորումն անհրաժեշտություն է: Ինչպես «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, նրան խորհրդարանում աջակցություն է անհրաժեշտ:

«Նիկոլ Փաշինյանի գլխավոր ռեսուրսն իր հսկայական հանրաճանաչությունն է: Հասկանալի է, որ խորհրդարանական փոքրամասնությունը, եթե կառավարություն կազմի, ապա այն երկար չի տևի: Հասկանալի է նաև, որ կադրերի խնդիր կա, իսկ Փաշինյանի շրջապատում շատ չեն կադրերը: Դրանից բացի, նրա շուրջ եղած մարդիկ հանրահավաքների լիդերներ էին, իսկ թե ինչպես իրենք իրենց կդրսևորեն կառավարման ոլորտում, այլ հարց է: Նրանք, ովքեր խորհրդարանում աջակցեցին Փաշինյանին, հասկանալի է, որ դա արվել է ոչ նրա գեղեցիկ աչքերի համար: Եվ որպեսզի առաջացած խնդիրները լուծվեն, եղած պահանջները բավարարվեն, դրա համար անհրաժեշտ է աջակցություն խորհրդարանում: Քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ օրենսդրական ճանապարհով, հետևաբար այս փուլում համաձայնեցված կառավարության ձևավորումն անհրաժեշտություն է»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա ընդգծեց, որ ներկայում ակնհայտ է մի բան, քաղաքական ուժերի միջև շատ ինտենսիվ քննարկումներ են ընթանում:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա քաղաքագետը նշեց, որ ընթանում է պայքար, թե արդյո՞ք ՀՀԿ դերը կպահպանվի հետագա քաղաքական իրողությունում: Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, փորձ արվեց փոքր-ինչ հետքայլ անել՝ պահպանելով Հանրապետականն իր ունեցած դերով: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ այդ փորձը չհաջողվեց և արդեն հանրապետականները ստիպված էին ևս զիջել, ինչն արեցին մայիսի 8-ին: Եվ հիմա նրանց կողմից, ամեն ինչ արվում է, որ կուսակցությունը միասնական պահպանվի ու հետագա իրողություններում որևէ դիրք զբաղեցնի խորհրդարանում:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ քաղաքագետը նշեց, որ փոքր-ինչ բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Խոսվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ է խորհրդարան, և որպեսզի խորհրդարանում այդ փոփոխություններն ընդունվեն, պետք է աջակցություն: Դրան հասնելու համար կամ պետք է նրանց հետ պայմանավորվել կամ շարունակել ճնշումը փողոցից, կամ և՛ նա, և՛ նա»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ դա ժամանակ կպահանջի: Նա հավանական է համարում, որ հանրապետականները երկու ոտքը կդնեն մի կոշիկի մեջ և կփորձեն դեմ կանգնել ցանկացած փոփոխության, սակայն դա նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվի, որովհետև ճնշումը կշարունակվի: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ քաղաքագետը շատ կարճ ժամկետներում ընտրությունների անցկացում չի ակնկալում:



Նման նյութեր