Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Փաշինյանը: Դրանից բացի՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու է Արթուր Վանեցյանը, որը զբաղեցրել է ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Հատկապես զարմացրեց Օսիպյանի նշանակումը, ինչը, թերևս, ամենաանհաջող կադրային որոշումը կարող էր լինել:
Ոչ մի քննադատության չի ենթարկվում Օսիպյանին նշանակելու Փաշինյանի մոտիվացիան: Այս տրամաբանության մեջ կարելի է մեծարել բոլոր օլիգարխներին, ընտրակեղծարարներին, որպեսզի «բոլորս նույն կողմում հայտնվենք»:
Վալերի Օսիպյանը եղել է Սերժ Սարգսյանի իշխանության ամենակատարող կադրերից մեկը, որը չի վարանել ձեռք բարձրացնել տասնյակ ցուցարարների, քաղաքացիական ակտիվիստների վրա, եթե այդպիսին է եղել իշխանության, Սերժ Սարգսյանի պատվերը: Նույնիսկ կարելի է պնդել, որ նոր ոստիկանապետը եղել է իշխանության ռեպրեսիաների հավաքական կերպարը: Բոլորն են հիշում, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Օսիպյանը ինչպիսի քստմնելի ձևերով էր նախագահական նստավայրը պաշտպանում ցուցարարներից` բռնություն գործադրելով անգամ կանանց նկատմամբ: Ցույցերից մեկի ժամանակ Օսիպյանը չվարանենց անգամ քաշքշել պատգամավոր Արամ Մանուկյանին, որին Երևանի փոխոստիկանապետի ենթակաները փորձում էին բերման ենթարկել: