Ճապոնական արմատներով ամերիկացի ականավոր քաղաքագետ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի հետ զրույցում խոսել է Ռուսաստանի կողմից Հաղթանակի օրը քաղաքական նպատակներով օգտագործելու, հետխորհրդային երկրներում հեղափոխությունների և ԱՄՆ-ում քաղաքական անկման մասին՝ գրում է dw.com-ը: Ֆուկույաման անդրադարձել է նաև հայաստանյան վերջին իրադարձություններին:
– Դուք հավանաբար հետևել եք վերջերս Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցնցումներին: Ռուս որոշ դիտորդներ դրան մեծ ոգևորությամբ են վերաբերվում՝ կատարվածը ևս մեկ թավշյա հեղափոխություն անվանելով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հայաստանյան իրադարձությունները:
– Դա հուսադրող է այն իմաստով, որ մարդիկ դեռևս ունակ են միավորվելու. նրանց դեռևս հնարավոր է զայրացնել: Եվ ահա նրանց դուր չի եկել այն, որ Սարգսյանը պատրաստվում է պահպանել իր իշխանությունը: Մարդկանցից շատերին ձանձրացրել են այն առաջնորդները, ովքեր ցանկանում են ցմահ կառավարել: Այս իմաստով հայաստանյան իրադարձություններին ես լավատեսորեն եմ վերաբերվում:
Մյուս կողմից էլ ես մտահոգված եմ, քանի որ Հայաստանը շատ է ենթարկվել ռուսական ազդեցության: Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է հին համակարգը, և հայաստանյան իրադարձությունները նրան անհանգստացնում են: Այդ պատճառով էլ ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որ անկախ իրադարձություններից՝ թույլ չտա Հայաստանին դուրս գալ իր ազդեցության գոտուց, ինչպես որ դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Ինձ անհանգստացնում է Հայաստանի հետ առաջիկա առճակատումը, ասել է Ֆուկույաման: