Վարչապետն ինքնաթիռ և ուղղաթիռ ունի, նախագահը՝ ոչ
Advertisement 1000 x 90

Վարչապետն ինքնաթիռ և ուղղաթիռ ունի, նախագահը՝ ոչ

Սոցիալական ինչ երաշխիքներ ունեն խորհրդարանական կառավարման երկրի վարչապետն ու նախագահը: Կառավարությունն այս երաշխիքների վերաբերյալ որոշում է ընդունել՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում:

Նախ՝ օրենքի վերնագիրը փոփոխվել է, այն, ըստ նախագծի, շարադրվել է հետեւյալ կերպ. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»:

Օրենքով սահմանված են ՀՀ վարչապետի եւ նախագահի սպասարկման համար տրամադրվող գույքի տեսակները: Այս առումով էլ վարչապետն ավելի «առաջ է»:

Օրինակ՝ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Իսկ նախագահն ինքնաթիռ ու ուղղաթիռ չի ունենալու:

Օրենքում նշված չէ, թե մեր երկրի նախագահն արտասահմանյան գործուղումների ինչպե՞ս է մեկնելու՝ շարքայի՞ն ավիաչվերթներով, բիզնե՞ս, թե՞ էկոնոմ դասի ավիատոմսերով: Նշված էլ չէ՝ արդյոք ՀՀ նախագահի գործուղումների համար մասնավոր ինքնաթիռ պետք է վարձեն պետակա՞ն միջոցներով: