
«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ըստ նրա` վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենից պահանջել է լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:
Հարցին՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Վ.Օսիպյանը պատասխանեց. «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվություն ենթարկվել: Հենց այս պահից էլ կհրաժարվեմ»:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ