IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պետք է օգտագործի ամբողջ աշխարհի հայերի հմտություններն ու ոգևորությունը և խրախուսի նրանց՝ մասնակցելու Հայաստանի աճի խթանմանը»:
«Հայաստանը կարող է փարոս դառնալ այլ ազգերի համար, եթե կարողանա բարեհաջող կերպով ձևավորել իր կառավարությունը՝ հավատարիմ մնալով նոր Սահմանադրությանը: Սա բեկումնային պահ է Հայաստանի համար: Մենք եզակի և անսպասելի հնարավորություն ունենք՝ մեր երկիրը վերածելու կենսունակ, ժամանակակից, ապահով և զարգացած հայրենիքի ամբողջ ազգի համար»,- գրել է Ռուբեն Վարդանյանը Financial Times-ի իր հոդվածում:
«Կարևոր է նկատել, որ սա մեկ մարդու հաղթանակ չէր, այլ մի ամբողջ ազգի, և հատկապես՝ երիտասարդության: Դժգոհ երիտասարդության ձայնը պետք է լսելի լինի, որպեսզի նրանք կարողանան մնալ Հայաստանում և նպաստել ազգի հաջողությունների ձևավորմանը: Եթե էյֆորիան կրկին հիասթափության վերածվի, մենք կարող ենք ականատես լինել ամբողջ հաջորդ սերնդի արտագաղթին: Մեր փոքր և փխրուն տնտեսությունը չի կարողանա դիմակայել ուղեղների նոր արտահոսքին: Փողոցներում տոնող մարդկանց ուրախությունը պետք է իրատեսական լինի: Հայաստանի խնդիրները չեն լուծվի մեկ գիշերում: Որևէ մեկը չպետք է հավատա նրանց, ովքեր խոստանում են միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավել: Փոխարենը, մենք պետք է բարձրացնենք մեր երկրի մրցունակությունը»,- նշել է IDeA-ի համահիմնադիրը:
Ամբողջությամբ՝ mediamax.am