ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ազատումների ու պաշտոնից ազատվածների նկատմամբ հետագա պատասխանատվություն սահմանելու հարցին, նշեց, որ իր՝ որպես վարչապետ լիազորությունների շրջանակներում գտնվող պատիժների համար եթե կլինեն հիմքեր, դրանք, անպայման կիրականացվեն. «Ես չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր, եթե կան կոնկրետ դեպքեր, կլինեն կոնկրետ պատիժներ»:
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ այսօր Դավիթ Տոնոյանը նշանակվելու է պաշտպանության նախարար, մյուս նշանակումները՝ առաջիկայում կիմացվեն:
Նշվեց, որ Դաշնակցության հետ քննարկումներ են ընթանում, Ծառուկյան դաշինքը, անպայման ներառվելու է նոր կառավարության մեջ, իրենք փորձում են գտնել լավագույն կադրային լուծումները:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նախօրեին հրապարակված հոդվածին, որտեղ նա նշում էր, որ ՀՀԿ-ն ի զորու է վիժեցնել նոր կառավարության բոլոր որոշումները, Փաշինյանն ասաց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով, իսկ որ պահից կդադարի հանրային աջակցությունը, այդ պահից սկսած ինքը կդադարի լինել ՀՀ վարչապետ:
Խոսելով Սերժ Սարգսյանին առաջիկայում տրամադրվելիք բնակարանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բնակտարածքի լուծումները համարժեք կլինեն այն նույն լուծումներին, որոնք կիրառվել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեպքում:
Նշվեց, որ սփյուռքի նախարարը չի շարունակելու իր աշխատանքը նոր կառավարությունում, իսկ կառավարության ծրագիրը հաստատելու կամ տապալելու մասին խոսելիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք մտադիր չեն տապալել այդ ծրագիրը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուծումները կան, անհրաժեշտ է ուսումնասիրել սահմանադրությունը: