«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մի քիչ փոխեցին իրավիճակը, և պատերազմն այս փուլում նույնիսկ հետաձգվեց»
Advertisement 1000 x 90

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մի քիչ փոխեցին իրավիճակը, և պատերազմն այս փուլում նույնիսկ հետաձգվեց»

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը տեղին է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցը, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա։

«Արցախը եղել է բանակցային սեղանի շուրջ այն մասով, ինչպես հայկական կողմն է պատկերացրել։ Այսօր, եթե մենք չփորձենք մտցնել որևէ նորություն, ոչ թե վերադառնանք հնին, աշխարհն ուրիշ ձևով կնայի այդ կոնֆլիկտին։ Այսօր մենք արդեն ոչ թե բուն ԼՂ-ի կարգավիճակն ենք նայում, այլ նայում ենք այն մոտեցումները, որոնց մասին խոսում է ՄԽ-ն, այսինքն՝ մոնիտորինգի հարցը, անվտանգության հարցը, և այս կտրվածքով եթե նայենք՝ ո՞ւմ անվտանգության մասին ենք խոսում, խոսում ենք Արցախի անվտանգության մասին։ Եվ այս կտրվածքով բարձրացնել Արցախի ուղղակի մասնակցությունը, հատկապես՝ հաշվի առնելով մոնիտորինգի այս մոտեցումները, ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր ընդլայնումը, որն էլի կապված է Արցախի հետ, լրիվ տեղին է։ Եկեք՝ չմտածենք, թե ինչ կասի Ադրբեջանը, բայց դու ներկայացնում ես քո պատկերացումը, դա Արցախի անվտանգության համար է։ Իհարկե, Ադրբեջանը նորից հայտարարություններ կանի, բայց ինչքան շատ այդպիսի անհեթեթ հայտարարություններ անի, դա կարող է մեր օգտին աշխատել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա։

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը (Ստեփանակերտից քննարկմանը միացել էր տեսազանգով) էլ նշեց, որ թեև լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել բանակցային գործընթացում, բայց հայկական կողմի թարմ մոտեցումները ողջունելի են.

«Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հայկական դիվանագիտությունը քնած վիճակում էր գտնվում, և մենք տեսնում էինք, թե ինչպես էին տարիների ընթացքում մեր դիքերն օրեցօր ավելի վատթարանում»։

Հակամարտությունը, ըստ նրա՝ մոտակա տասնամյակների ընթացքում բանակցային լուծում չունի. «Փաստորեն գոյություն ունեցող ստատուս-քվոյի միակ այլընտրանքը պատերազմն է։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ հակամարտության գոտում արդեն իսկ պատերազմական վիճակ էր, այն կուտակումները, որոնք ՀՀԿ-ականների կողմից շահարկվում էին, սկսել էին առաջանալ դեռևս հայաստանյան համաժողովրդական շարժումից մեկ ամիս առաջ, և թե՛ Արցախում, թե՛ Ադրբեջանում հասարակությունները գիտակցում էին, որ ամեն ինչ գնում է դեպի պատերազմ։

Սակայն, կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մի քիչ փոխեցին իրավիճակը, և պատերազմն այս փուլում նույնիսկ հետաձգվեց։ Չափազանց կարևոր էր Նիկոլ Փաշինյանի այցն Արցախ, նրա առաջին մամուլի ասուլիսը վարչապետի կարգավիճակում հենց Ստեփանակերտում, և հնչվեցված կարևորագույն հայտարարությունները, որոնք հստակ մեսիջ էին Ադրբեջանին»։

Ռազմիկ Մարտիրոսյան



Նման նյութեր