Կոռուպցիայի վերացումը ձևավորվող կառավարության առաջնահերթ և գլխավոր խնդիրը պետք է լինի: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Մինչև նոր ընտրությունները պետք է մի քանի խնդիր լուծել՝ վերահսկողության հարցը, որը տրված է ոստիկանությանը և այլ մարմինների: Ներկայումս նշանակված ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները գլոբալ խնդիրներ պետք է լուծեն: ԱԱԾ-ի համար առաջնահերթ պետք է լինի արտաքին վտանգի հարցը և երկրորդը՝ ընտրությունների ժամանակ, պետք է հետևեն, որ դրսի ուժերի, ֆինանսների, մարդկանց միջոցով Հայաստանի իշխանության ձևավորումը չվտանգվի: Ընտրությունների հետ կապված նպատակը սա է»,- ընդգծեց Իգիթյանը:
Անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահն ընդգծեց, որ նրանք պետք է չզբաղվեն միայն թվեր ցույց տալով:
Ժամանակավոր կառավարության ևս մեկ կարևոր խնդիր Իգիթյանը համարեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը: