«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարական պորտֆելների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկություն չունի, բայց իր անձնական կարծիքով՝ իրենց քաղաքական ուժն իրավունք ունի ավելի ընդարձակ ոլորտներ վերցնել, քան այն, ինչ ըստ մամուլի առաջարկվում է:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան նախնական պայմանավորվածությունը 5 նախարարական պորտֆելների շուրջ է՝ Արտակարգ իրավիճակների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր համոզմամբ՝ առնվազն 17 նախարարություններից կազմված կառավարության 1/3-ը պետք է պատկանի ԲՀԿ-ին, որովհետև «Ծառուկյան» դաշինքն առաջադրել է վարչապետի թեկնածուին երկրորդ փուլով և սատարել է այդ թեկնածուին, ուստի իրավունք ունի կիսել այդ պատասխանատվությունը. «Բայց թե ինչ պատասխանատվության ծավալ կկրի «Ծառուկյան դաշինքը» և ԲՀԿ-ն՝ դա իմ որոշելիքը չէ»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իր համոզմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բարոյական իրավունք ունի ստանձնել ողջ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը՝ կրթության, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցեր:
«Որպես շարքային կուսակցական՝ իմ համոզմամբ, քանի որ ԲՀԿ-ն հիմնականում թիրախավորում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կարծում եմ՝ կարող է ստանձնել այդ ոլորտների պատասխանատվությունը, բայց ես չեմ կարող այլ բան ասել, որովհետև ինքս բանակցության մասնակից չեմ: Հաշվի առնելով պարոն Ծառուկյանի անցյալի գործունեությունը, որ ոլորտներն էլ որ վստահվեն Ծառուկյան դաշինքին, իսկ ավելի ստույգ՝ ԲՀԿ-ին, այդ ոլորտներում լինելու է կարգապահություն և այդ ոլորտը ծաղկելու է, իսկ թե որը կվստահվի, ես չեմ կարող ասել: Պարզապես ես կարծում եմ, որ քաղաքական ուժը պետք է ստանձնի կոնկրետ բնագավառ, որի համար պատասխանատվություն կրի, իսկ քանի որ մեր կուսակցական ծրագրի և կուսակցության ամբողջ առանցքը եղել և մնում են սոցիալական ոլորտի բարեփոխումները, ցանկալի կլինի, որ այս ոլորտները վստահվեն: Բայց, կրկնում եմ, որոշողը ես չեմ, որոշողը վարչապետն է, ով բանակցում է քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա: