«Ոստիկանության պետի պաշտոնում Օսիպյանին նշանակելը խայտառակ որոշում է». Սաքունց. azatutyun.am
Advertisement 1000 x 90

«Ոստիկանության պետի պաշտոնում Օսիպյանին նշանակելը խայտառակ որոշում է». Սաքունց. azatutyun.am

«Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումը խայտառակ որոշում էր», – «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ շեշտելով, որ չի կարող Փաշինյանի այս որոշումը դիտարկել իբրև Հայաստանում անպատժելիության համակարգը վերացնելու ուղղությամբ քայլ:

Իրավապաշտպանը թվարկում է ոստիկանական այն գործողությունները, որոնք անցած տասը տարիների ընթացքում ղեկավարել է նույն Օսիպյանը՝ ցուցարարներին նաև ապօրինի բերման ենթարկելով։

«Ես խիստ բացասական եմ գնահատում այդ նշանակումը, ինչո՞ւ, որովհետև հենց ինքն այն անձանցից է, որն անմիջապես ներկա է եղել, ղեկավարել է ոստիկանության գործողությունները բազմաթիվ ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ՝ թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին՝ Շանթ Հարությունյան, դեկտեմբերի 2-ին, պարտադիր կենսաթոշակային վճարումների հետ կապված, բազմաթիվ, բազմաթիվ միջոցառումներ, և մենք տեսել ենք, որ այդ բոլոր բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև Ոստիկանության ներքին զորքերի ծառայության զորամասեր։ Անձը, որն անմիջականորեն, նորից եմ կրկնում, ղեկավարել է և կառավարել է ոստիկանության գործողություններն այդ բողոքի ցույցերի ընթացքում, նշանակել ոստիկանության պետ, իմ մոտ հարցեր է ծագում և լուրջ մտահոգություն, ի դեպ, որի եղբոր որդու կողմից դանակահարության այդ խայտառակ պատմությունը նույնպես հիշում եք։ Օսիպյանին ընդհանրապես պետք է հանել օրակարգից»,- ասաց Սաքունցը։

Հարցին՝ կարծում է Օսիպյանին պետք է հանե՞լ ոստիկանության պետի պաշտոնից, իրավապաշտպանը պատասխանեց.- «Ես կարծում եմ, որ ոստիկանության պետի պաշտոնում Օսիպյանին նշանակելն ամենաանհաջող, ես արդեն անվանել եմ, խայտառակ որոշումն է, ընդ որում այդ պատասխանատվությունն ամբողջովին կրելու է վարչապետը՝ դրանից բխող հետևանքներով»։

Արթուր Սաքունցն ասում է՝ Օսիպյանի հետ կապված նյութերի հիմա վրա պատրաստվում է իր քայլը կատարել, քանի որ, նրա խոսքով, մարդու իրավունքները վտանգող գործոնները չեն կարող ունենալ քաղաքական նպատակահարմարություններ, թե խոսքը ի՞նչ քայլի մասին է, Սաքունցը չցանկացավ առայժմ հրապարակել:

«Կներկայացնենք, կիմանաք»,- ասաց իրավապաշտպանը։

azatutyun.am



Նման նյութեր