ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԻՆ արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում շատ դրական է համարում ու համարում է նրան լուրջ կենսագրության տեր պետական գործիչ:
«Նա տիրապետում է բանակին: Նախ, ասացիք, որ երկար տարիներ եղել է փոխնախարար, Դավիթ Տոնոյանը լուրջ դպրոց անցած մարդ է։ Վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար: Իր համար նորույթ չէ բանակը, ինքը կադրերին ճանաչում է։ Ամենակարևորը այդ կադրերին ճանաչելն է»,- ասաց պատգամավորը, որ այսօր Եռաբլուր էր այցելել Երկրապահի օրվա միջոցառումների շրջանակում։
Նշենք, որ Երկրապահի օրը սովորաբար նշվում է մայիսի 8-ին, սակայն այդ օրը ՀՀ վարչապետի ընտրության հետ կապված միջոցառումը հետաձգվել էր և երկրապահներն այն նշում են այսօր։
Սեյրան Սարոյանը, անդրադառնալով օրվա խորհրդին ասաց. ««Երկրապահ» բառն արդեն նշանակում է՝ երկիր պահող: Երկրապահներն այն մարդիկ են, որ այն ժամանակ, երբ ո՛չ պետություն կար, ո՛չ պետականություն ունեինք, ո՛չ բանակ ունեինք, ոչ մի բան չկար, հայրենասեր տղերք էին, դուրս եկան, բոլորը գնացին հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ Արցախից բռնած: Եվ այդ նույն երկրապահի վրա և՛ պետություն ստեղծեցինք, և՛ բանակ»։