ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Սոչի՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Ադլերի Սբ. Սարգիս հայկական եկեղեցին էր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Եկեղեցում կատարվեց բարիգալստյան աղոթք և մոմավառություն: ՀՀ վարչապետը ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում գտնվող խաչքարերի մոտ: Փաշինյանը ելույթ ունեցավ նաև հայկական համայնքի ներակացուցիչների առջև, որոնք ջերմությամբ ընդունեցին ՀՀ նորընտիր վարչապետին:
Նա նշեց, որ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները պետք է ավելի ամրապնդվեն: Նա երախտիքի խոսք հղեց Ռուսաստանին, որ լավ է ընդունել հայկական համայնքին ու պայմաններ ստեղծել նորմալ կենսագործունեության համար, սակայն ընդգծեց, որ բոլորի նպատակը պետք է լինի հայրենադարձությունը: «Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է՝ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ դրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացանելը և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Սոչիի բոլոր հայերին, գործարարներին, Ռուսաստանի բոլոր հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև սա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու»,-վստահեցրեց վարչապետ Փաշինյանը:
Նա նկատեց, որ ներկայում Հայաստանի քաղաքացու, երկրի հեղինակությունը բարձր է քան երբևէ: «Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք և ստեղծագործենք հայրենիքում: Անկասկած է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի եղբայրական: Եվ ես համոզված եմ, որ վաղվա մեր հանդիպումները կլինեն արդյունավետ: Եվ ուրեմն՝ Աստված պահպանի Ռուսաստանի Դաշնությունը, Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը, կեցցե հայ-ռուսական բարեկամությունը»,-եզրափակեց խոսքը Փաշինյանը:
ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ: