Բարձր տրամադրություն, բուռն աշխատանքի պատրաստակամություն. սփյուռքի նախարարն առաջին անգամ այցելեց գերատեսչություն
Advertisement 1000 x 90

Բարձր տրամադրություն, բուռն աշխատանքի պատրաստակամություն. սփյուռքի նախարարն առաջին անգամ այցելեց գերատեսչություն

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է այդ պաշտոնում իր գործունեությունը ծավալել մեծ եռանդով ու պատասխանատվությամբ:

Նախարարը, ով հանդիպում էր կազմակերպել գերատեսչության դիմաց՝ փոքր-ինչ ուշացմամբ, բայց լավ տրամադրությամբ մոտեցավ լրագրողներին և կարևորեց իր առաջին աշխատանքային օրը հենց նրանց հետ սկսելը:

«Աշխատանքային առաջին օրը կծանոթանամ նախարարության աշխատակիցների՝ փոխնախարարների, վարչության պետերի և աշխատակազմի ղեկավարի ու մնացած բոլորի հետ: Գերատեսչությունում փոփոխություններ, բնականաբար, կլինեն, քանի որ իշխանափոխության հիմքում քաղաքական սերնդափոխության հարցն է դրված եղել: Սակայն կադրային ջարդ, ինչպես մի քանի անգամ հայտարարվել է քաղաքական հարթակից, չի լինելու»,- նշեց նորանշանակ նախարարը:

Նրա խոսքով՝ պետք է համադրել փորձը երիտասարդության հետ, իսկ թե ինչ պաշտոններում կամ առաջիկայում ինչ փոփոխություններ կլինեն՝ Հայրապետյանն ընդգծեց, որ կորոշի ինքն իր աշխատակիցների հետ:

Գերատեսչության ղեկավարն ասաց, որ հապճեպ որոշումներ չեն լինելու, և ինքը բավականին դրական է տրամադրված թիմի հետ աշխատելու, սակայն ամեն ինչ ցույց կտա համատեղ աշխատանքը:

Ամենաերիտասարդ նախարարն իր անվան շուրջ առաջացող քննարկումների, քննադատությունների վերաբերյալ շեշտեց, որ մտնում է ժողովրդի դրության մեջ և հասկանում է բոլորի մտավախությունները: Հայրապետյանը նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում և կփորձի ամեն ինչ անել ճիշտ աշխատանք կատարելու համար:

«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել կոռուպցիան, խաբեությունը և շոշափելի փոփոխություններ անել այն ընթացքում, որքան կպաշտոնավարենք: Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր հետագայում կգան մեզ փոխարինելու՝ կունենան որակական բոլորովին այլ գերատեսչություններ՝ պրոֆեսիոնալ կառավարմամբ և թիմով»,- փաստեց Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության մուտքի մոտ՝ լրագրողների հետ ճեպազրույց ունենալուց հետո, Հայրապետյանն առաջարկեց բարձրանալ վերև և ծանոթանալ աշխատակազմի հետ:

Արդեն շենքում, ողջունելով թիմակիցներին, նա մտավ իր աշխատասենյակ և, ծանոթանալով նոր աշխատատեղին, կիսեց իր տպավորությունները: «Մեծ հաշվով ինձ համար աշխատասենյակից տպավորություններ ստանալու խնդիր չկա, պետք է աշխատավայր, որտեղ ես կլծվեմ այդ գործին»,- ասաց նորանշանակ նախարարը:



Նման նյութեր