ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված լինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։
«Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի հետ այդ գաղափարի ակունքներում էի կանգնած»,-ասել է Հայրապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` դա սփյուռքի հետ համագործակցելու ու սփյուռքին հարցերի ընդունման գործընթացում ներառելու ճիշտ ուղի է։ Նա հավելել է, որ չի կարելի միանշանակ պնդել, որ նախաձեռնությունը ներառվելու է կառավարության ծրագրում։«Բայց ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր», — ասել է Հայրապետյանը։
Նա նշել է, որ նախարարությունն առաջարկություններ է ընդունելու սփյուռքի ներկայացուցիչներից նաև այդ հարցով։ Այդ պատճառով չի բացառվում, որ բուն նախաձեռնության մեջ փոփոխություններ լինեն։
Նրա խոսքով` խորհրդարանի ներկայացուցիչները պետք է ընտրվեն հենց գաղթօջախներում։