Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի օրագիրը
– Էս հայրիկը մեր գրողա․․․
– Ո՞նց չի հոգնում, որ ամեն օր գրում ա․․․
– Ինչքա՞ն պիտի գրի անվերջ․․․ Մինչև բոլորը վերջանա՞ն․․․
Բլեյան Դավիթն է պարբերաբար հետաքրքրվում իմ գրով։ Ո՞վ գիտի․․․
Ստամբուլից, հայկական Պոլսից, նրա Տատյան հայկական վարժարանի հետ իրականացրած կրթական փոխանակման ծրագիրն ավարտել, ավտոբուսով Երևան-Ստամբուլ-Երևան երեսուն ու էլի երեսուն ժամ տևողությամբ ճանապարհը կտրել ու վերադարձել է երեկ, բարեհաջող, ուրախ ու գոհ, լեցուն պատումներով, ավագ դպրոցի սովորողների և ուսուցիների խումբը՝ Մարթա Ասատրյանի ղեկավարությամբ։ Կեցցե՛ք։ Ուղիղ կրթական փոխանակումների ճանապարհն այսպիսով բաց է․ հունիսին մեզ կայցելեն Պոլսի Կարագյոզյան վարժարանի սովորողները, ուսուցիչներն ու ծնողները, կապրենք-կգործենք միասնական-ուսումնական ճամբարում մեր, կրթահամալիրի բանգլադեշում, հոկտեմբերին էլ կհյուրընկալենք Պոլսի Տատյան վարժարանի խմբին և պատասխան այցով սեբաստացիները կլինեն Ստամբուլում, Պոլսի Կարագյոզյան վարժարանում… Այսպես, իսկական ջրի ճամփա, իսկ ինչո՞ւ ոչ։ Մեր Պոլիսն ու իրենց Երևանը…
Սեբաստացիներն ապրել են մեր հայրենակիցների տներում, ընտանեկան տպավորություններն էլ այլ կերպ չէին կարող լինել, ամենաուժեղն են․․․ հենց սրա համար ենք չարչարվել, այս մարդկային հարազատության, պոլսեցի Հրակնի և երևանցի Վալերայի միջև հաստատված զորեղ մարդկային կարոտի, Վալերի ամենասիրելի նոր պոլսահայ մայրիկի այսպիսի կապի համար․․․ Կարդացե՛ք, իմ գրում հրապարակում եմ Վալերայի բլոգի պատումը՝ հուզիչը, պարզը, համահայկական մեր կյանքում պակասողը․․․
Ամբողջությամբ՝ pedagogicalclubmskh.wordpress.com