Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առանց որևէ հեգնանքի ու սարկազմի եմ ասում․ ըմբռնումով եմ մոտենում Նիկոլ Փաշինյանի բռնած գծին՝ «քաղբանտարկյալների» նրբագույն թեմաների մասով։ Մարդը հո չի՞ կարող միանգամից ասել, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա՝ անկախ նրանից, թե ինչքան են ոմանք հավանում մեկի թավ բեղերը, մյուսի պատրոնդաշը, երրորդի քֆուր-քյաֆարով ու գողական պանյատկեքով ելույթները։
Քաղբանտարկյալացուները՝ բոլորն անխտիր, նստած են կոնկրետ քրեական մեղադրանքներով ու եթե կա քաղաքականացվածության աստառ, ապա դա կայացված դատավճիռների հետ, կամ էլ կիրառված խափանման միջոցների ընտրության հետ կարելի էր կապել, բայց ոչ երբեք նրա, որ իրենք անմեղ էին, իսկ իրենց դատեցին իրենց քաղաքական հայացքների համար։ Ու Նիկոլ Փաշինյանը՝ հրաշալի իմանալով սա, մաքսիմալ ձգում ու կիսաքայլերով փորձում է միանգամից չթշնամանալ յուր կողմնակիցների ամենառադիկալ թևերի հետ։ Դրա համար փոքր արյան քաղաքականությունն է վարում, երբ կարելի է փոխել Անդրիասի ու Չագասզյանի խափանման միջոցները, բայց ոչ երբեք Պավլիկինը, երբ Շանթին առաջարկվում է պայմանական վաղաժամկետ ազատում, բայց ոչ ամբողջական վերանայում և այլն․․․
Ինչպես նախանշել էի դեռ շաբաթներ առաջ, «քաղբանտարկյալների» հարցը լինելու է Նիկոլ Փաշինյանի իմիջին նետված առաջին խոշոր մարտահրավերը, որից հնարավոր ոչ մի ելք` առանց կորուստների, հնարավոր չէ գտնել։
Ինչպես տեսնում ենք, դա արդեն իսկ իրողություն է։ Շաբաթներ առաջ նշել էի նաև, որ Փաշինյանը խիստ պրագմատիկ գործիչ է ու հենց այդ պրագմատիզմից ելնելով կարելի է բացառել, որ նա երբևէ կազատի ահաբեկչություն գործածների ու/կամ օֆիցիալ կլեգիտիմացնի ոչ լեգիտիմ բռնություն կիրառելու պրակտիկան (ինչին ականատես եղանք և՛ Շանթի, և՛ Ծռերի ավանտյուրաներում)։
Նաև այս պրագմատիզմով է պայմանավորված այն լուծումը, որն առաջարկում է մեր հեղափոխական վարչապետը, որում, հիշեցնում եմ, առաջրկվում է անցկացնել հանրային քննարկումներ, այդ թվում՝ զոհվծների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը շատ խոհեմ ու ազդեցիկ քայլ կլինի ընդդեմ ծռիստական վակխանալիայի ու հիստերիկության, որովհետև երբ իրար ես հակադրում բեղավոր ու պատրոնդաշավոր Պավլիկի կերպարը՝ որդեկորույս ծնողի կերպարին, Պավլիկը պարտվում է ու պարտվում է հենց այն դաշտում, որի վրա հենվելով կարողացավ 2008-ին Տեր-Պետրոսյանի կողմնակից ցուցարարներին մահաներով ծեծողից անցնել մեծանուն զորավարի ու ռազմական գործչի, ազգային հերոսի կերպարի։
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի առավելագույն կոմպրոմիսային առաջարկը լինելու է այն, որ ոչ մեկ էլ չի արդարացվելու, այլ հարաբերականորեն քիչ վտանգավոր ու մեղմացուցիչ հանգամանքների ներքո գործած ծռիստներին պայմանական վաղաժամկետով, կամ էլ համաներմամբ են ազատ արձակելու, Շանթի պարագայում է նույնը, կամ էլ՝ պատժաժամկետի կրճատումով, բայց դրանից ոչ ավել։ Սա էլ քիչ հավանական է, որովհետև կոմպրոմիսը ենթադրում է զիջում մյուս կողմից, իսկ մյուս կողմը, մեղմ ասած, երբեք էլ չի փայլել ադեկվատությամբ ու ռացոնալության զգացմամբ»։