Այս իրավիճակում ձևավորված կառավարության մասին կա՛մ պետք է լավն ասել, կա՛մ ոչինչ. Հրանտ Բագրատյան. tert.am
Advertisement 1000 x 90

Այս իրավիճակում ձևավորված կառավարության մասին կա՛մ պետք է լավն ասել, կա՛մ ոչինչ. Հրանտ Բագրատյան. tert.am

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է նոր ձևավորված կառավարությունից սպասելիքներին, թե ով և ինչպես Հայաստանը կարող է դուրս հանել ներկայիս ծանր վիճակից:

-Պարո՛ն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանի ձևավորած ժամանակավոր կառավարության մասին տարբեր կարծիքներ հնչեցին. եկեք կուսակցական քվոտայով նախարարներին մի կողմ թողնենք, որովհետև այս նշանակումները քաղաքական պայմանավորվածության արդյունք են, և անդրադառնանք կաբինետի երիտասարդ անդամներին՝ Փաշինյանի թիմի անդամներին: Նրանցից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Այս փուլում Հայաստանում ստեղծված այս իրավիճակում ձևավորված կառավարության մասին կամ պետք է լավն ասել, կամ ոչինչ: Ինչո՞ւ, որովհետև դեռ ոչինչ չեն արել, նրանցից սպասելիքներն ահռելի են, և ես այս առումով ավելի շատ հանդես եմ գալիս որպես քաղաքացի, քան որպես մասնագետ ու քաղաքական գործիչ:

Անկեղծ ասած, կուզեի, որ իրենք ավելի շուտ ոգևորվեին և փորձեին մի բան անել: Գնահատականներ չեմ ուզում տալ, որովհետև առաջին խոսքը , որ կգա բերանիս, այն է, որ տեսնեմ՝ ինչ ծրագիր են ներկայացնելու պառլամենտ: Դրանից հետո պետք է լռել ևս 100 օր և հետևել սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, դրանց դինամիկային: Եվ դրա մեկնաբանությունն արդեն, ինքնըստինքյան, կլինի հենց գնահատականն այդ կառավարությանը:

-Սակայն տնտեսագիտորեն արդարացվա՞ծ է իրենց թիմի այն հիմնական մոտեցումը, որ «մենք արել ենք անհնարինը՝ հեղափոխություն, կկարողանանք նաև դա անել»: Սրա առաջին և երկրորդ փաստարկն այն է, որ Հայաստանի միջազգային իմիջը վերջին իրադարձություններից հետո այնքան է բարձրացել, որ կլինեն հսկայածավալ ներդրումներ, որոնք էլ հաջողության գրավականներից մեկն են:

– Հարցի առաջին մասը, որ «լավ հեղափոխություն արեցինք, լավ իշխանություն էլ կձևավորենք».նման հնարավորություն, այո, կա, բայց, ինձ համար հեղափոխությունները երկու մասից են բաղկացած, պատկերավոր ասած՝ ֆուտբոլային խաղը երկու խաղակեսից է ձևավորված: Ու այն, որ առաջին խաղակեսը 1:0 հաղթել են, դեռ չի նշանակում, որ կհաղթեն նաև երկրորդ խաղակեսում, քանի որ կարող են ոչ միայն գոլ ընդունել, այլև պարտվել: Դրա համար, միշտ ասում եմ՝ հեղափոխությունը 2 մասից է.առաջին մասը՝ ընդդեմը, ստացվեց, բայց կա նաև հանունը, որը, հնարավոր է, չստացվի: Եթե մենք ասածս դիտարկում ենք նաև պատմության տիրույթում, ապա «հանուն»-ի դեպքում, այսինքն, երբ անցնում ենք գործնական իրացման, ձախողվում են նման հեղափոխությունները: Ինչո՞ւ, որովհետև և՛ իշխանության եկածները, և՛ նրանց իշխանության դրածների (ուշադիր, չշփոթել դրածո բառի հետ – Հ.Բ.) մոտ սպասումները բարձր են: Եվ սկսվում է նախկինում արված աշխատանքի անխնա քննադատությունը: Տվյալ դեպքում դա պետք է արվի, բայց դրա հետ մեկտեղ սկսվում են կոպիտ սխալներ ու վրիպումներ: Այնպես որ, կապրենք, կտեսնենք: Իմ գնահատականն այն է, որ ոչ մեկին, այդ թվում՝ հեղափոխությունը հաղթած դեմքերին խորհուրդ չէի տալ մտածել, որ հանգիստ ստացվելու է 2-րդ  մասը՝ 2 րդ խաղակեսը: Նորից եմ ասում, նախ, ցույց տվեք ծրագիրը:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր