Մեծ Բրիտանիայում քննություններ հանձնող դպրոցականներին կարգելվի ձեռքի ժամացույց կրել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Ինչպես նշվում է, սկսած այս ամռանից լսարաններում անհրաժեշտ է աքսեսուարը հանել եւ դնել սեղանին: Քննողներն այս կերպ միանգամից կնկատեն աշակերտների կասկածելի պահվածքը եւ հույս ունեն պաշտպանվել արտագրումից: Ներկայում երկրում արդեն արգելված է քննությունների հանձնումն այսպես կոչված խելացի ժամացույցներով, որոնց միջոցով կարելի է տեղեկատվություն փնտրել Համացանցում, նաեւ արգելված է լսարաններ հեռախոսներ բերելը: Սակայն նոր սահմանափակումը ուղղված է խելացի ժամացույցների այն մոդելների դեմ պայքարին, որոնք սովորական ժամացույցների տեսք ունեն, ինչպես նաեւ անբարեխիղճ դպրոցականների դեմ, որոնք ծածկագրերը պահում են ժամացույցների գոտիների տակ:
Կանոնների պահպանմանը կհետեւեն դիտորդները. մինչեւ թեստերի սկսվելը նրանք պարտավոր են հավաստիանալ, որ քննության ժամանակ ժամացույցները ձեռքներից հանել են բոլոր հանձնողները: